Հայաստանի արդարադատության խորհրդուրդը հավանության է տվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Նորա Արայիկի Կարապետյանի թեկնածությանը։
Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհուրդը միաժամանակ որոշել է դատավորի թեկնածուին ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին դատավորի պաշտոնում նշանակելու համար:
Խորհրդի նույն օրվա նիստում քննարկելով Խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները եւ ղեկավարվելով Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով` Խորհուրդը որոշել է.
1. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
2. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մանվել Սիմոնյանին հայտարարել նախազգուշացում: