Մուշեղ Զաքարյանը հաստատել է, որ մարմնական վնասվածքներ ստացել է Գորիսում տեղի ունեցած միջադեպի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ նախաքննության ընթացքում, ի թիվս այլ անձանց, մայիսի 14-15-ին լրացուցիչ հարցաքննվել է Մուշեղ Զաքարյանը, ով հայտնել է, որ մարմնական վնասվածքներն ստացել է մայիսի 2-ին տեղի ունեցած նշված միջադեպի ժամանակ։

Վարույթն իրականացնող մարմնին տրամադրված նախնական բժշկական տեղեկանքի համաձայն՝ Մ.Զաքարյանի մոտ ախտորոշվել է քթի միջնապատի և քթոսկրի կոտրվածքներ։  Մ.Զաքարյանը ճանաչվել է տուժող և մանրամասն ցուցմունք տվել՝ իրեն մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքների վերաբերյալ։

Նախաքննական մարմինը շարունակում է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ միջադեպին մասնակից անձանց իրական շրջանակը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումների մասին հանրությունը կիրազեկվի։

Տուժող ճանաչված 2 անձանց՝ Զաքարյան եղբայրներին, պատճառված մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում։




Լրահոս