ԲԱԲՈՅԻԴ ԿՄԻԱՆԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես, ազնիվ խոսք, ո՛չ տելեվիզր եմ վեկալել, ո՛չ մագնիտոֆոն, ո՛չ էպիլիյատոր: Ես  մինչեւ վերջ հարգելով Տիգրան Կարապետյանին` միացել եմ այս մաքուր պայքարին»,- Մատենադարանի հարթակ տանող ճանապարհին, այս խոսակցություններից բացի, ականջալուր էինք  լինում լոկալ հակաՀԱԿ-ական միտինգների: Նախ մի ջահել աղջիկ, ըստ երեւույթին նախկին «ադամանդներից», հարձակվեց ինչ-որ երկու երիտասարդների վրա, որոնք իբր ՀԱԿ-ի թռուցիկներ էին բաժանել, ու սկսեց  գոռալ` «Մենք  ձեր հանրահավաքներին թռուցիկներ բաժանում ե՞նք, որ գալիս թռուցիկ եք բաժանում»: Ապա, արդեն Տիգրան Կարապետյանը հարթակից հայտարարեց, որ իրենց խփում է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: «Թռուցիկներ են բաժանում, չգիտեմ ինչ.. ինչու են իրենք ընկճախտի մեջ»,- ասաց Տիգրան Կարապետյանը, ապա համախոհներին հարցրեց. «Կարապետիչը գնա՞,  սուսուփուս, գլուխը կախ միանա ՀԱԿ-ին: Կողմ ե՞ք դրան»: Կողմ չէին: Ելույթներից ազատ պահերի ընթացքում Տիգրան Կարապետյանին լրագրողները հարցրեցին, թե այդ  ե՞րբ է ՀԱԿ-ը ասել, որ ինքը միանա իրենց: Տիգրան Կարապետյանը դիմելով «Հայկական ժամանակ»-ի թղթակցին, ասաց` «Դուք, Ձեր թերթը», իսկ երբ վերջինս հարցրեց` «ում միանա, թերթի՞ն», ասաց` «բաբոյիդ միանա»: Նաեւ ավելացրեց, որ «այնքան կռկռացին, դրա համար էլ մարդ չեկավ»:Կարապետիչի «բուն միջոցառումը» հետեւյալն էր. Տիգրան Կարապետյանը  քսանհինգ հոգանոց խմբով Բաղրամյան 26 ուղարկեց համաժողովի անունից արված վերջնագիր, որով պահանջվում է  անել քայլեր` երկրում ստեղծված բարոյահոգեբանական, հասարակական, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, մեծ ու փոքր պաշտոնական անձանց կողմից իրականացվող զանգվածային անարդարություններն ու ժողովրդական լայն զանգվածների անսքող կեղեքումը դադարեցնելու նպատակով:Տիգրան Կարապետյանի վերջնագիրը  պարունակում է ներքին էլ արտաքին քաղաքական պահանջներ. ազատ արձակել քաղաքական այլախոհներին, բացառել ԼՂՀ հանձնումը Ադրբեջանին, թույլ չտալ Արեւմտյան խաղաղապահների մուտքը տարածաշրջան, վերականգնել սոցիալական արդարությունը, ապահովել նվազագույն աշխատավարձի  բարձրացում եւ այլն: Պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ, որպես անարդարությունների լավագույն ապացույց, ասում էր` ամոթ է, որ կանայք իրենց ատամները սարքելու հնարավորություն չունեն:Պահանջները չկատարելու դեպքում, Տիգրան Կարապետյանը խոստացավ ամսի 28-ին «կարմիր քարտ»  ցույց տալ Սերժ Սարգսյանին` մարդկանց կարմիր քարտեր բաժանելով:




Լրահոս