ԻՆՉ ԱՆԵԼ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ. ՍԱ Է ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ նաեւ պաշտոնապես հաստատվեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, անմիջական մասնակցություն է ունեցել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում եղբայրներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների ծեծի պատմությանը, ՀՀ ղեկավարությունում սկսել են քննարկել նրա հետագա ճակատագրի հարցը: Մասնավորապես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չգիտեն` ինչպես վարվել Սուրիկ Խաչատրյանի հետ: Դեռ երկու տարի էլ չի անցել Ավետիք Բուդաղյանի սպանությունից, Սուրիկ Խաչատրյանի որդին կրկին հայտնվել է քրեական պատմության կիզակետում: Հիշեցնենք, որ Ավետիք Բուդաղյանը սպանվեց 2013 թվականի հունիսի 1-ին, Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց: Տեղի ունեցածը պաշտոնապես ներկայացվեց որպես ինքնապաշտպանություն: Սերժ Սարգսյանին եւ Հովիկ Աբրահամյանին խոցել է այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանն իրենց խաբել է` ասելով, թե իր որդին կապ չունի Զաքարյանների ծեծի հետ, բայց հետագայում այլ բան է պարզվել: Եւ պարզվելու արդյունքում խայտառակվել են նաեւ իրավապահ համակարգի մարզային ներկայացուցիչները: Դրա համար էլ երեկ Գորիսի ոստիկանապետն ազատվեց աշխատանքից: Եւ հիմա Սուրիկ Խաչատրյանից բացատրություն է պահանջվել: Ու ՀՀ Կառավարությունում մտածում են, որ եթե այս միջադեպի մասով աղմուկը չդադարի, ապա նրանք պետք է ինչ-որ քայլ կատարեն:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հարութ Զաքարյանը, որը ծեծից հետո աչքի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, տեղափոխվել է Մոսկվա` այնտեղ հետագա բուժումը շարունակելու համար: Մեր տեղեկություններով` ՌԴ է մեկնել նաեւ նրա հայրը` Գագիկ Զաքարյանը:

 

 

 

Եվրասիական տնտեսական միության շրջնականերում նախագահների վերջին` մայիսի 8-ին տեղի ունեցած մոսկովյան հանդիպումից հետո տարբեր տեղեկություններ հրապարակվեցին առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է Ադրբեջանին եւս ընդգրկել ԵՏՄ կազմում: Բայց պարզվում է` ադրբեջանցիները առիթը բաց չեն թողնում առաջ քաշելու Լեռնային Ղարաբաղի հարցը` պահանջելով ստիպել Հայաստանին հանձնել որոշ տարածքներ: Նշենք, որ Ադրբեջանը ՌԴ-ին պետք է, քանի որ այդ երկրին ԵՏՄ կազմում ընդգրկելով՝ կարող է ավելացնել իր ազդեցությունը նավթի եւ գազի միջազգաին շուկայում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Տիգրան Բալայանից հետաքրքրվել` արդյո՞ք ՌԴ-ն պաշտոնական Երեւանի առջեւ խնդիր է դրել ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին, որպեսզի այդ երկիրն էլ ընդգրկվի ԵՏՄ կազմում: Ի պատասխան՝ Բալայանը հայտարարեց, թե դրանք սուտ տեղեկություններ են. «Նման տխմար տեղեկությունները սատարողները սադրիչներ են»:

 

 

 

Մայիսի 17-ին` այս կիրակի, Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերի շուրջ 22 համայնքներում պետք է տեղի ունենա հանրաքվե` նվիրված համայնքների խոշորացմանը: Գյուղացիները «այո» կամ «ոչ» պետք է ասեն իրենց համայանքները ուրիշ` միջինը թվով յոթ այլ համայնքների հետ միավորելու եւ մեկ համայնք ստեղծելու առաջարկին: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր տպավորությամբ գյուղացիները դրական են վերաբերվում ծրագրին: Նշենք, որ համայնքների խոշորացումը, սակայն, ունի նաեւ ֆինանսական կողմ` միջազգային կառույցները խոստացել են դրա համար դրամաշնորհներ հատկացնել: Նախարարից փորձեցինք պարզել, թե ինչ չափի դրամաշնորհի մասին է խոսքը, ինչին Երիցյանը պատասխանեց. «Դրանք ինչ-որ ֆանտաստիկ չափի հասնող գումարներ չեն, մի քանի միլիոն դոլար, քանի որ ծրագիրը նախատեսված է 5 տարվա կտրվածքով»:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ինչ-որ շինարարության մրցույթ է հայտարարել, որին երկու կազմակերպություն է մասնակցել, եւ հաղթել է ամենաբարձր գին ներկայացրածը: Մինչդեռ մրցույթի կանոններով հաղթող պետք է ճանաչվի նվազագույն գին առաջարկողը: Ըստ լուրերի՝ այս պատմության մասին իմացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ պարզաբանման համար իր մոտ կանչել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին: Նրանց «զրույցից» հետո մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել: Երեկ «Ժողովուրդ»-ը դիմել էր Երվանդ Զախարյանին` վերը բերվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, սակայն նախարարը հայտարարեց, թե նկարագրված պատմություն չէր կարող տեղի ունենալ: «Չի կարող նման բան լինել: Ճշգրիտ ասեք, ներկայացրեք, ես անպայման կպատասխանեմ»,- ասաց Զախարյանը: Այսինքն՝ եթե անունները գիտեք, ասեք, իսկ եթե հնարավոր է, որ անունները չգիտենք, ապա դեպքն էլ չի եղել եւ վերջ: Բայց մենք գիտենք:

 

 

 
ԱՆ-ԿԱԽՎԱԾ

Հանրությանը, հատկապես էներգակիրների, մասնավորապես՝ մազութի յուրացման գործով հայտնի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրավիրած ասուլիսում անդրադարձել է էլեկտրաէներգիայի սպասվելիք թանկացմանը: Ինչպես հայտնի է՝ ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ` էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Եվ, ահա, Զախարյանը կարծում է, որ սա հիմնավորված պահանջ է, քանի որ «Հայաստանը տարանցիկ երկիր չէ եւ ո՛չ գազի, ո՛չ նավթի սեփական էներգառեսուրսներ չունի»: Միեւնույն ժամանակ Զախարյանը որպես սակագնի թանկացման անխուսափելիության փաստարկ ներկայացրել է ՀԷՑ-ի անմիխիթար վիճակը` նշելով, որ միայն վերջին երեք տարիներին ՀԷՑ-ը 37.6 միլիարդ դրամի վնաս է ունեցել՝ չհաշված ընկերության վարկերը: «ՀԷՑ-ի վնասները առաջացել են 2012-2014թթ. ոչ իրատեսական էներգահաշվեկշիռների հետեւանքով: ՀԷՑ-ին թույլատրվել է տարեկան ունենալ առավելագույնը 12 տոկոս կորուստներ, սակայն նախորդ 4 տարիներին փաստացի դրանք հասել են մինչեւ 16 տոկոսի: Իսկ այդ կորուստների յուրաքանչյուր տոկոսը 2.5 միլիարդ դրամ է կազմում, արդյունքում` տարի է եղել, երբ միայն կորուստներից ՀԷՑ-ի կրած վնասը հասել է 10 միլիարդ դրամի»,- ներկայացրել է նախարարը` վերջում նշելով ամենակարեւոր գործոնը` ընկերության ղեկավարության ոչ արդյունավետ աշխատանքը:
«Կորուստները կապված են ե՛ւ գողությունից, սարքավորումների արտադրման տարեթվից, շահագործման որակից, մարդկանց աշխատելու պատասխանատվությունից, հետեւողական աշխատանքների արդյունքներից», – թվարկել է Զախարյանը` այդպիսով, ըստ էության, արձանագրելով, որ այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից պատշաճ կերպով վերահսկողություն չի իրականացվել ռազմավարական նշանակություն ունեցող այս օբյեկտի գործունեության նկատմամբ: Փոխարենը ՀՀ Կառավարությունը, չգիտես թե ինչ հաշվարկով, իր երաշխավորությունն է տվել ՀԷՑ-ին 220 միլիոն դոլարի վարկ տրամադրելու հարցում, ինչը նշանակում է, որ եթե ՀԷՑ-ն այդ գումարը չկարողանա մարել, դա պետք է անի ՀՀ Կառավարությունը մեր բոլորիս հաշվին:
Այսպիսով` մի կողմից Զախարյանը փորձում է արդարացնել ՀԷՑ-ին` հավաստիացնելով, թե սակագնի բարձրացման պահանջը հիմնավոր է, մյուս կողմից, սակայն, որպես հիմնավորում ներկայացնում է բացառապես ընկերության խայտառակ կառավարումը, գողությունն ու այդ ամենի վրա ՀՀ Կառավարության «աչք փակելը», եւ դեռ այդքանից հետո էլ եզրափակում. «Սակագնի բարձրացումը Հայաստանի Հանրապետությունից կախված չէ»: Մինչդեռ մենք միամտաբար շարունակում էինք հավատալ, որ դա, այդուամենայնիվ, Հայաստանից կախված որոշում է, քանզի, գոնե ֆորմալ առումով, այդ հարցը որոշում է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հիմա, փաստորեն, Զախարյանն արձանագրում է, որ անգամ ձեւականորեն Հայաստանում Հայաստանից ոչինչ կախված չէ:




Լրահոս