«Genealogy»-ն եզրափակչում հանդես կգա առաջին հատվածում. նրանք ասուլիսով են հանդես եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ 2015»­ի հայաստանյան պատվիրակները վիճակահանությամբ որոշել են, որ «Genealogy» խումբը մայիսի 23­ին կայանալիք եզրափակիչում ելույթ կունենա երեկոյի առաջին հատվածում: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչում լավագույն տասնյակի մեջ հայտնվելուց հետո Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է հրավիրված մամուլի ասուլիսին` կիսելով առաջին մրցութային երեկոյից ստացած տպավորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի մենակատար Վահե Թիլբյանը մյուս մասնակիցների անունից նշել է, որ մեր խումբն Ավստրիայում իրեն հոյակապ է զգում:

Անդրադառնալով խմբի ստեղծման պատմությանը և դրանից հետո տարված աշխատանքներին` Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ թեպետ անցած ուղին դժվարին է եղել, սակայն իրենք կարողացել են հաջողել: «Դժվար էր, քանի որ գործ ունեինք վեց մարդու հետ, ովքեր ունեին տարբեր բնավորություն, մենթալիտետ, աշխարհայացք: Բայց մենք ունենք մեկ «Genealogy», և սա մեզ միավորեց: Գաղտնիքն ընտանիքի մեջ է»,­ նշել է Գոհար Գասպարյանը:

«Ոչինչ հեշտ չի տրվում, հատկապես երբ տարբեր մայրցամաքներից տարբեր մարդկանց ենք բերում Հայաստան: Մենք բոլորս մեկ անհանատականություն ենք, սակայն ամենահոյակապն այն էր, որ երբ միասին էինք, տպավորությունն այնպիսին էր, որ երկար տարիներ միասին ենք եղել: Մենք դարձանք ընտանիք, և դա, իրոք, հիասքանչ էր»,­ նշել է Հայաստանը ներկայացնող խմբի մենակատարներից Վահե Թիլբյանը:

Ի պատասխան երգի ուղերձի վերաբերյալ Իսրայելից եկած լրագրողի հնչեցրած հարցին` նա ասել է. «Ինչպես բազմիցս ասել ենք տարբեր հարցազրույցներում, մեր ուղերձը երաժշտության միջոցով խաղաղություն և սեր տարածելն է: «Կամուրջներ կառուցելով». սա էր այս տարվա կարգախոսը: Եվ մենք դա արեցինք մեր սփյուռքի միջոցով` կապելով այն մայր երկրի` Հայաստանի հետ»: «Եվրատեսիլ­ 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլ»­ի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Հոբելյանական 60­րդ «Եվրատեսիլ»­ին մասնակցում են 40 երկիր:




Լրահոս