Սերժ Սարգսյանն մեկնել է Ռիգա` մասնակցելու ԵՄ արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, որի ընթացքում նախատեսվում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության նոր փաստաթղթի ստորագրումը: Իհարկե, Եվրամիության հետ համագործակցության շարունակությունն ու հետագա խորացումը շատ կարեւոր է մեր երկրի ապագայի համար, սակայն արդյո՞ք այդ ամենն ինքնանպատակ չի լինի, եթե Հայաստանի ներսում շարունակվի ֆեոդալապետական բարքերի արմատավորումը, որոնք եվրոպական արժեհամակարգի հետ հեռավոր աղերս անգամ չունեն:
Բավական է դիտարկել միայն վերջին օրերի իրադարձությունները` հասկանալու համար, որ Ռիգա մեկնող Սերժ Սարգսյանը կառուցել է իր ողջ էությամբ հակաեվրոպական եւ, առհասարակ, հակապետական մի համակարգ, որի հետ իրական (ոչ դեկլարատիվ) համագործակցությունը չի կարող բխել Եվրամիության շահերից:
Այսպես՝ մինչ Ռիգայում ընթանում էր Արեւելյան գործընկերության առաջին մեդիա խորհրդաժողովը, որի ընթացքում ծավալուն անդրադարձ եղավ նաեւ մեր երկրում մամուլի ազատության խնդրին, Աբովյանում անջատվեց իշխանությունների համար անցանկալի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին պատկանող կաբելային հեռուստատեսությունը: Մինչ ՀՀ իշխանությունները հաշվետվություններ են ներկայացնում ԵՄ հատկացրած միլիոնավոր դոլլարների դրամաշնորհներով դատաիրավական համակարգում իրականացված բարեփոխումների մասին, այդ նույն համակարգի անգործության արդյունքում Սյունիքում, փաստորեն, տեղ են գտնում ինքնադատաստանի դրսեւորումներ, եւ հնչում են նոր կրակոցներ` այս անգամ արդեն Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ:
Մինչ հավաստիացումներ են հնչեցվում Հայաստանում բիզնես միջավայրի` ԵՄ չափանիշներին համապատասխան ազատականացման մասին, սնանկացման հերթական կասկածահարույց գործընթացն է ծավալվում ՀՀ ամենաբարձր պաշտոնյաների անձնական հովանավորությունը վայելող «Գլենդել Հիլզ» ընկերության շուրջ: Սրանք միայն անցած երկու օրերին արձանագրված զարգացումներն են, որոնք, համաձայնեք, այդքան էլ համահունչ չեն Հայաստանը եվրոպական մոդելի պետություն դարձնելու` Սերժ Սարգսյանի տեսլականի հետ (ինչի մասին նա բազմիցս հայտարարել է ԵՄ ամբիոնից):
Եվ ինչպես Ադրբեջանին ուղղած իր քննադատության ընթացքում նկատել էր Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը, եվրոպացիները «հիմարներ չեն», նրանք ամեն ինչ շատ լավ տեսնում են, եւ եթե Սերժ Սարգսյանին չեն տալիս «անհարմար հարցեր», ապա միայն այն պատճառով, որ Հայաստանից, գոնե այս իշխանությունների օրոք, հույսները կտրել են:
Իսկ մենք էլ պետք է, ի վերջո, հույսներս կտրենք Եվրոպայից եւ հասկանանք, որ մեր փրկությունը ո՛չ Ռիգայում է, ո՛չ Բրյուսելում, ո՛չ էլ Մոսկվայում: Այն Հայաստանի Հանրապետությունում է` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ձեռքում: