ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հնչել է վերջին զանգը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տոնական մթնոլորտ էր: Վարժարանի շրջանավարտների համար հնչեց «Վերջին զանգը»: Տոնական օրը կրթօջախում հյուրընկալվել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, այլ հյուրեր, ծնողներ:

Վաղ առավոտից մոնթեականները տոնական հանդերձանքով վարժարանի շարահրապարակում էին: Օրը լի էր հույզերով և հիշարժան պահերով: Հնչեցին մաղթանքի, գոտեպնդման խոսքեր ու բարեմաղթանքներ: Կյանքի բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հմտություն, զինվորական կարգապահություն, իսկ ամենակարևորըª միասնական ուժերով հասնել առավելագույնին. վարժարանի սաներն այսպես են բնութագրում իրենց ուսումնառության տարիները: Եվ ահա ապագա զինվորներ ու սպաներ կրթող դարբնոցի շրջանավարտների համար մեկնարկում է կյանքի նոր ուղին՝ նոր փորձություններով ու մարտահրավերներով:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, ով, կարևորելով ռազմամարզական կրթության դերը, նշեց, որ վարժարանում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կօգնեն մոնթեականներին արժանապատվորեն հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն:

Շնորհավորելով մոնթեականներին ուսումնառության կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավաստիացրեց, որ նախարարությունը մշտապես ուշադրության ներքո է պահում վարժարանի սաների կրթական մակարդակը: Վարժարան, որն իր ձևաչափով լավագույններից մեկն է Հայաստանում:

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ջերմորեն ողջունելով և շնորհավորելով ներկաներին, նշեց, որ վարժարանի սաները մշտապես ցուցաբերում են բարձր առաջադիմություն ու հետաքրքրություն իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ: Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ վարժարանն ավարտած մոնթեականների մեծամասնությունն արդեն որպես սպա ծառայում են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում և աչքի են ընկնում մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և հմտություններով:

Վարժարանի վերջին զանգը, անշուշտ, տարբերվեց հանրակրթական մյուս կրթօջախներում անցկացված նմանօրինակ արարողություններից: Մոնթեականները ցուցադրեցին վարժարանում ուսանելու տարիներին յուրացրած ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու իրենց ունակությունները:

Վերջին զանգը հնչել է նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրի ավարտական դասարանի շրջանավարտների համար։ Հանդիսավոր արարողությանը մայիսի 22-ին մասնակցել և կրթահամալիրի սաներին բարեմաղթանքի խոսքեր են ուղղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, կրթահամալիրի պետ, գնդապետ Արա Մուրադյանը, բարձրաստիճան զինվորականներ։ Դիմելով կրթահամալիրի շրջանավարտներին և դեռևս ուսանող սաներին՝ Արա Նազարյանը հորդորել է լինել հարգալից, կարգապահ և ուսումնատենչ, մաղթել է կանաչ ու հարթ ճանապարհ։

Շնորհավորական խոսքերին հաջորդել է կրթօջախի սաների հրաժեշտի միջոցառումը, որի շրջանակում նրանք երախտագիտության խոսքեր ուղղեցին կրթահամալիրի մանկավարժական և ղեկավար կազմերին։ Հանդիսավոր արարողությունը եզրափակվել է կրթահամալիրի սաների ձեռնամարտի խմբերի, «Կարիճներ» հատուկ նշանակության ջոկի ցուցադրական ելույթներով:

sur41

sur92

sur118

sur160

sur210

sur235

sur247

sur255

sur268

sur281




Լրահոս