Այսօր խորհրդարանում 2014թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն անդրադարձավ փոխարժեքի տատանումներին և հետաքրքրվեց, թե դա ինչպես է ազդել բյուջեի վրա:
«Ինչ կանխատեսելիություն կա փոխարժեքի վերաբերյալ: Արդյոք մեր հասարակությունը կարող է այս տարի ևս տեսնել նման արագ տեմպերով գահավիժող պրոցեսները, թե դա անհնար է», – նշեց նա: Պատգամավորի խոսքով, սա մեր հասարակությանը հուզող հարցերին մեկն է, թե հնարավոր է արդյոք նման տատանում:
Ի պատասխան գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց. «Դուք գիտեք, որ հարցի հասցեատերը կառավարությունը չէ: Հատկապես այս տարվա կանխատեսումներից ձեռնպահ կմնամ և չունեմ նման լիազորություններ»:
Վահան Բաբայանը հարցն այլ կերպ ձևակերպեց, և հարցրեց, թե այս պահին մեր բյուջեում փոխարժեքը որքանով է հաշվարկվում: «411 դրամ է սահմանված 2015թ. համար: Դա մտահոգիչ հարց է և, ըստ էության, բյուջեի տեսակետից որևէ խնդիր չի առաջացնում, քանի որ դա կարգավորված է համաձայնագրով: Ռիսկը կրում է Կենտրոնական բանկը», – նշեց Ջանջուղազյանը: