Սահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող մասնագիտական հանձնաժողովն առաջիկա 3-4 օրերին հանդիպելու է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ նրանց առաջարկը եւ մոտեցումները պարզելու համար: Ինչպես մի քանի օր առաջ հայտարարել էր սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունայնը՝ իրենք հանդիպելու են այն 14 քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք հանձնաժողովին առաջարկներ են ներկայացրել: Պաշտոնապես այս հանդիպումների նպատակը սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի հնարավորինս լայն կոնսենսուս ապահովելն է: Սակայն ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երեկ խորհրդարանում, լրագրողների հարցերին ի պատասխան, խոստովանել է, որ իշխող ՀՀԿ-ի համար քաղաքական այլ կուսակցությունների լայն աջակցությունը պարտադիր պայման չէ: Նա նկատել է, որ այդ կոնսենսուսի անհրաժեշտությունը կարեւորել է Վենետիկի հանձնաժողովը: Սակայն նույն Վենետիկի հանձնաժողովը լայն կոնսենսուսը ոչ թե որպես պարտադիր պայման է նշել, այլ ընդամենն ասել է, որ ցանկալի կլինի, եթե այդպես լինի:
Մյուս կողմից արդեն իսկ կարող ենք ասել, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումները զուտ ձեւական բնույթ են կրելու, քանի որ մինչ օրս հրապարակված բոլոր այն առաջարկությունները, որոնք ներկայացվել են սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովին, առանձնապես սկզբունքային հարցեր չեն պարունակում: Հիմնական խնդիրը, որը բոլոր առաջարկներում առկա է, խորհրդարանի ընտրությունները 100 տոկոս համամասնական դարձնելն է: Իսկ ինչպես հայտնի է՝ սահմանադրական փոփոխությունները պատրաստող հանձնաժողովը հենց այդ մոտեցումն էլ առաջ է տանում:
Փաստորեն, այս կոնսուլտացիաների փուլի ավարտից հետո սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը պետք է արդեն սկսի քննարկել բուն փաստաթուղթը: Իսկ բուն փաստաթուղթը նախատեսում են քննարկել հունսիսի սկզբին: Թերեւս հենց այդ ժամանակ էլ Հայաստանի հանրությունը հստակ կիմանա, թե ՀՀ իշխանություններն Սահմանադրությունում կոնկրետ ինչպիսի փոփոխություններ են ցանկանում իրականացնել: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ծրագրված է հուլիսի սկզբին փոփոխությունների փաթեթը ներկայացնել Վենետիկի հանձնաժողովին, ապա ակնհայտ է դառնում, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այլեւս սարերի ետեւում չէ: «Ժողովուրդ»-ը ժամանակին՝ դեռեւս մեկ ամիս առաջ, կանխատեսել էր, որ իշխանությունները սահմանադրական հանրաքվեն հնարավոր է՝ աշնանը անցկացնեն: Այժմ արդեն ակնհայտ է, որ հանրաքվեն տեղի կունենա հենց նոյեմբերին: Ի դեպ, 2005-ի սահմանադրական հանրաքվեն տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին: