Հայաշատ Հալեպի թաղամասերը նախօրեին ռմբակոծությունների են ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը` նշելով, որ ռումբեր են ընկել Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Ազիզիե և այլ թաղամասերում, ինչպես նաև հանրային պուրակի շրջանում, ինչի հետևանքով նյութական վնասներ են արձանագրվել:
Աղբյուրի տեղեկացմամբ, բարեբախտաբար, մեր հայրենակիցներից ոչ ոք չի տուժել: Բնակիչների շրջանում շարունակվում է անորոշության, վախի զգացումը: Մշտապես սպասելի են հնարավոր տհաճ անակնկալները:
«Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ ՀՀ անկախության 97-ամյակի առիթով Հալեպի «Գևորգ Եսայան» սրահում մայիսի 28-ի երեկոյան տեղի կունենա տոնական միջոցառում: Աղբյուրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հալեպում վիճակը շարունակում է անկայուն մնալ: Որոշակի բարելավվել է ջրի և էլեկտրականության մատակարարումը, սակայն համացանցը շարունակում է չգործել:
Հայաշատ Հալեպ քաղաքը 2012 թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում` «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների վերահսկողության տակ: