Ինչ անցյալ ունեն Աբովյանի քաղաքապետի թեկնածուները և ինչպիսի մրցակցություն է սպասվում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Աբովյանի քաղաքապետի թեկնածուները վեցն են` Վահագն Գևորգյանը, Արթուր Հարությունյանը` Պալաչ, Էդվին Թադևոսյանը, Կարո Իսրայելյանը, Սամվել Հակոբյանը և դարձյալ ինչ որ Արթուր Հարությունյան: Իսկ ովքեր են նրանք. Armlur.am-ը հակիրճ կներկայացնի:

Վահագն Գևորգյանը խորհրդարանում աշխատում է դեռևս առաջին գումարման Ազգային ժողովից և շփումներ է ունեցել, ունի գրեթե բոլոր քաղաքական ուժերի և գործիչների հետ: Նրան ԱԺ-ում գրեթե բոլորը ճանաչում են, սակայն այսօր համարվում է Գագիկ Ծառուկյանի վստահելի անձանցից մեկը: Նրան սատարում է իշխող Հանրապետական կուսակցությունն ու ԲՀԿ-ն: Բայց աբովյանցիների լայն շրջանում նա ճանաչում չունի:

vahag-gevorgyan
Վահագն Գևորգյան

Ու թեեւ նա մշտապես պետական պաշտոն է զբաղեցրել, այնուամենայնիվ, հասցրել է նաեւ բիզնեսների տեր դառնալ՝ օգտագործելով իր կապերն ու դիրքը: Ինչպես հայտնի է, նա ռուսաստանաբնակ հայերից մեկի՝ «Բինգո-բոոմ» բուքմեյքերական-խաղարկային բիզնեսին մոտ կանգնած ոմն Արմանի քավորն է, մանկության ընկերը: Քանի որ մեր օրերում քավորներին պատահաբար չեն ընտրում, ուստի Վահագն Գևորգյանին ևս պատահաբար չեն ընտրել: Փոքր ժամանակ Վահագնը փրկել-հանել է կրակն ընկած Արմանին՝ հետագայում դառնալով նրա քավորը: Տեղեկացնենք, որ «Բինգո-բոոմ»-ի Արմանը Ռուսաստանում ֆինանսավորում է «Եդինայա Ռոսիայի» երիտասարդական թևը:

Արթուր Գեղամի Հարությունյանը, ով ստացել է Պալաչ-2 անվանումը երկար ժամանակ բնակվել է Բելգիայում: Նա «Վեդի Ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանի մորաքրոջ որդին է: Հարությունյանի ինքնաառաջադրումից հետո խոսակցություններ տարածվեցին, որ նրան ծառուկյանական թիմն է ներքաշել ընտրապայքարի մեջ, քանի որ այս թեկնածուի միակ հմայքն այն է, որ ունի Արթուր Հարությունյան անուն-ազգանունը: Վերջինիս մասին շատ քիչ տեղեկություններ կան. նրան չեն ճանաչում նույնիսկ աբովյանցիներն ու հենց իր մրցակիցները: Պարզապես առաջադրել են Արթուր Հարությունյանի՝ Պալաչի ձայները շփոթության գնով փախցնելու համար:

Մյուս Արթուր Հարությունյանը` Պալաչը, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկն է, սակայն նրանց հարաբերությունները երկար ժամանակ է, ինչ սրված են: Վերջինս զբաղվում է Երևան-Աբովյան ավտոբուսային երթուղու սպասարկմամբ, նրան է պատկանում «Քինգ դե լյուքս» ընկերությունը: Ծառուկյանի և Պալաչի միջև հակամարտությունը սկսվեց 2012 թվականից, երբ Ծառուկյանը սկսեց գործարկել իր բարեգործական երթուղիները: Հարությունյանն ամեն կերպ պայքարում էր, որպեսզի Ծառուկյանը դադարեցնի իր բարեգործական երթուղիների շահագործումը, քանի որ դրանք խանգարում էին Պալաչի «գծերին»` ուղևոր «փախցնելով»:

Palach
Արթուր Հարությունյան` Պալաչ

Նրան ճանաչողների հավաստմամբ` Պալաչը տարիներ շարունակ եղել է Գ. Ծառուկյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը, ժամանակին Ծառուկյանի հովանավորությամբ մի շարք ապօրինություններ է կատարել: Այնուհետև նա երկար տարիներ փորձում էր անդամագրվել ՀՀԿ-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չէր ստացվում, իսկ արդեն անդամագրվելուց հետո նրան հեռացրեցին կուսակցության շարքերից` առանց համաձայնության ինքնաառաջադրվելու հանդգնության համար: Այժմ Պալաչին է պատկանում նաև «Աբովյան» հեռուստաընկերությունը: Ու եթե գնահատելու լինենք, հանուն արդարության, պետք է ասել, որ Պալաչն Աբովյանում իսկապես ընտրազանգված ունի՝ որքան էլ որ դա ամոթալի կամ տարօրինակ թվա:

Մյուս թեկնածուն` Էդվին Թադևոսյանը, Գագիկ Ծառուկյանի ազգականն է` մորաքրոջ թոռը: Նա տակավին երիտասարդ է` 28 տարեկան, սակայն արդեն բիզնեսներ ունի ոչ միայն Աբովյանում, այլև՝ Երևանում: Աբովյանի իր գլխավոր շտաբը նա դարձրել է իրեն պատկանող «Ամրոց» հաստատությունը: Նա առևտրի և սպասարկման ոլորտում բիզնեսներ ունի նաև Երևանում և Մոսկվայում: Հայտնի է, որ վերջինս այնքան էլ ջերմ և մտերիմ հարաբերությունների մեջ չէ ԲՀԿ նախկին առաջնորդի հետ, այլ կերպ ասած, նրանց միջև բարեկամական քաղցրությունը վաղուց արդեն չկա: Թեև Էդվինին հենց Ծառուկյանն էր միջնորդել, որպեսզի աշխատանքի տեղավորեն ՀՀ Վերահսկիչ պալատում:

edvin-tadevosyan
Էդվին Թադևոսյանը

Նրա ինքնաառաջադրումից հետո լուրեր տարածվեցին, թե ասպարեզ են բերել ընդդեմ Պալաչի և հետագայում պայքարից հօգուտ Վահագն Գևորգյանի դուրս գալու համար: Սակայն Armlur.am-ի հետ զրույցում Թադևոսյանը վստահեցրել էր, թե ինքն ու Պալաչը մտերիմ ընկերներ են և վերջինիս դեմ չի գործում: Իսկ թե ինչպես է մտերիմ ընկերոջ հետ մրցակցում, այդպես էլ անհասկանալի մնաց: Նշենք, որ Թադևոսյանը, տարիներ առաջ աշխատելով ՀՀ Վերահսկիչ պալատում, այնուհետեւ խորհրդավոր հանգամանքներում ազատվեց աշխատաքից և այս անգամ էլ մտավ լրատվական դաշտ՝ հիմնադրելով operativ.am կայք: Եվ առաջին հոդվածները, որ տեղադրվում էին այդ կայքում իր նախկին ղեկավարի՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի դեմ էին եւ ՎՊ-ի ներքին խոհանոցի մասին: Այսինքն՝ իրեն հաց տվողների և իր ուղին հարթողների դեմ քայլեր անելը Էդվինի համար սովորույթ են: Ճիշտ այնպես, ինչպես Պալաչի դեպքում՝ իր կնքահայր Ծառուկյանին դավաճանելը:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ նրա անվան հետ կապվեցին Բալահովիտում հնչած կրակոցները: 2014թ. մայիսի 22-ին Բալահովիտի բենզալցակայանում կրակոցներ արձակելու կասկածանքով Էդվինը եւ Վարդան Հարությունյանը ձերբակալվեցին: Նրանք Ծառուկյանի մորաքրոջ թոռներն են: Աբովյանում շատերն են խոսում այս կրակոցների մասին, սակայն Թադևոսյանը խուսափում է խոստովանել. թեև մախաթը պարկում չես պահի:

Սամվել Հակոբյանը ևս անհայտ թեկնածու է: Արթնացել է մի օր, որոշել կտրվել տան բազմոցից և թեկնածու առաջադրվել: Չի բացառվում, որ նրան ևս ապարեզ են բերել Ծառուկյանի կողմնակիցները` հօգուտ Վահագն Գևորգյանի գործելու և Պալաչին խանգարելու համար:

Իսկ մյուս թեկնածուն Կարո Իսրայելյանն է, որը տարիներ առաջ եղել է հենց Աբովյանի քաղաքապետը և փաստորեն այժմ կրկին ցանկանում է զբաղեցնել այդ պաշտոնը: Աբովյանցիներն այնքան էլ չեն ցանկանում, որ նա կրկին վերադառնա, քանի որ արդեն տարիքն առած մարդ է և շատ հաճախ ամեն ինչ իրար է խառնում:

karo
Կարո Իսրայելյանը

Տեսնենք, թե նրանցից ում կընտրեն աբովյանցիները: Այստեղ` հունիսի 7-ին թեժ է լինելու:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս