Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր խորհրդարանում մանրամասն ներկայացրեց, թե նախարարությունն ինչ աշխատանք է կատարել 2014թ-ին և ինչ գումարներ է ծախսել:
Նա կատարված աշխատանքներին և խնդիրներին անդրադարձավ ըստ ոլորտների: «2014թ. կարևորագույն բարեփոխումների մեկնարկի տարի էր: Հուլիսից մենք գործարկեցինք կենսաթոշակային բազմաստիճան համակարգը, ներդրվեց աշխատանքի վարձատրության միասնական համակարգ, որը շատ կարևոր է: Ներդրվեց զբաղվածության նոր մոդել, որի շրջանակներում ակտիվ ծրագրեր են իրականացվում», – նշեց նա:
Նախարարը կարևորեց, որ առկա խնդիրների քննարկումների շրջանակներում լսել են բոլոր առաջարկներն ու տեսակետները, որոնք խնդիրներին լուծումներ տվեցին: «Թվային մեկ ցուցանիշի անդրադառնամ. պետական ծառայության միջոցով ֆինանսավորվող 83 ծախսային ծրագրերի համար հատկացվել էր 322,7 մլրդ դրամ, տնտեսվեց 3,7 մլրդ դրամ», – հավելեց նա:
Նրա խոսքով, կենսաթոշակային ապահովության ոլորտում արդեն լիարժեքորեն գործում էր էլեկտրոնային համակարգ, որի արդյունքում միլիարդավոր դրամներ են տնտեսվել: Նա հիշեցրեց, որ 2014թ. հունվարի մեկից ներդրվել է կենսաթոշակների հաշվարկման նոր կարգ, որի շնորհիվ միջին կենսաթոշակի չափն ավելացավ 15 տոկոսով, իսկ 32 հազար կենսաթոշակ ստացող անձանց թոշակը բարձրացավ ամենացածր շեմից:
«Զինվորական կենսաթոշակների ավելացումը եղավ 2014թ. հուլիսից, դա նախատեսված է նաև այս տարվա հուլիսից: Ավելացվեց նաև զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող պարգևավճարների չափերը: Իսկ հուլիսի 1-ից 15 տոկոսով ավելացել էին զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակների չափերը», – հավելեց նախարարը: