«Խոպանչիների» նպաստառու ընտանիքները կարող են զրկվել նպաստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում մի քանի հարցեր ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Նա նշեց, թե իրեն հետաքրքրում են աղքատության նվազման ուղիները, հատկապես մարզերում:

«Շատ կարևոր է աշխատատեղերի միջոցով, հատկապես մարզերում, մենք կարողանանք աղքատությունը նվազեցնել: Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ կան, ի՞նչ եք կարծում զբաղվածության կենտրոնները, որ կան, ինչպես են համագործակցում ԳԱՄԿ-ների հետ: Վերջերս բավականին հնչեղություն ստացավ արտագնա աշխատողների հետ կապված օրենքը: Եթե արտագնա աշխատողը հաշվառվում է, բայց միաժամանակ նպաստառու ընտանիք է, այն զրկվո՞ւմ է նպաստից, թե՞ պահպանվում է», – հարցրեց պատգամավորը:

Նախարարը կարևորեց ԳԱՄԿ-ների և զբաղվածության կենտրոնների համագործակցությունը և նշեց, որ դա այժմ առկա է: «Արմավիրում ուղղակի փորձնական ծրագիր իրականացրեցինք, որն արդյունավետ էր: Այդ հարաբերությունները ենթաօրենսդրականորեն համակարգված են: Զբաղվածության կենտրոնում հաշվառված անձինք ստանում են խորհրդատվություն նաև ԳԱՄԿ-ներից», – նշեց նախարարը:

Անդրադառնալով երկրորդ հարցադրմանը, նախարարը նշեց, որ ընտանիքների անապահովության միավորը տարբեր կոմպոնենտներից ելնելով է հաշվարկվում, այդ թվում` եկամուտ կա, թե ոչ: «Եթե ոչ ֆորմալ եկամուտ կա, որը չի երևում ոչ մի կերպ, ապա այդ եկամուտն ազդեցություն չի ունենա, իսկ եթե դա ֆորմալ եկամուտ է, այսինքն պայմանագրով, ճիշտ է, որ դա ազդեցություն պետք է թողնի: Եթե եկամուտ ունի, պարզ է, որ գումարը պետք է տրվի ավելի անապահով ընտանիքներին: Հարցեր կան, որոնք պետք է ճշգրտվեն այդ ընտանիքների հետ կապված», – հավելեց նախարարը:




Լրահոս