ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի գլխավորած «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա»
հասարակական կազմակերպությունը մեկ տարեկան է.
«Սիրելի հայրենակիցներ, զինծառայողներ, զինվորական բժիշկներ, զինվորներ ու սպաներ, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը մեկ տարեկան է: Մեկ տարի առաջ հիմնադրելով ասոցիացիան՝ մենք նպատակ ունեինք, համախմբելով ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական բուժաշխատողների ջանքերը, աջակցել զինվորի ու սպայի առողջության պահպանման, արդյունավետ բուժման, բանակի բուժծառայության զարգացման գործին, ստեղծել մի տանիք, մի հարթակ, որը հնարավորության կտար բժիշկներին խոսելու սեփական մտահղացումների, նախաձեռնությունների ու խնդիրների մասին, որոնելու դրանց լուծման ուղիները:
Մեկ տարվա ընթացքում ասոցիացիայի խորհրդի և հարյուրավոր անդամների հետ մեկտեղ իրականացրինք բազում ծրագրեր՝ սկսած նախադեպը չունեցող միջազգային ռազմաբժշկական գիտաժողովից մինչև պարբերական հանդիպումները զանազան խնդիրներով մեզ դիմած զինվորների ծնողների հետ: Մեր հասարակական կազմակերպության թիվ մեկ առաքելությունը զինվորների առողջության համար հոգալն է, նրանց խնդիրների մասին բարձրաձայնելն ու իրավասու ատյաններին իրազեկելը: Այսուհետ նույնպես մենք լինելու ենք զինվորների ու նրանց ծնողների կողքին, մեր դռները միշտ բաց են լինելու բոլորի առջև, մենք լսելու ենք յուրաքանչյուրին ու ջանալու ենք մեր հնարավորությունների չափով աջակցել ձեր խնդիրների լուծմանը:
Շնորհավորում եմ բոլորիս «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադրման 1-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ ձեռքբերումներով լի ու արդյունավետ աշխատանք՝ հիշեցնելով, որ մեր ամենամեծ ձեռքբերումը համարում ենք առողջ զինվորներով համալրված մարտունակ բանակի իրողությունը՝ որպես Հայրենիքի լինելության ու հայ ժողովրդի անվտանգ կեցության գլխավոր երաշխիք:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյան»