Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը իր խոր մտահոգությունն է հայտնում էլեկտրաէներգիայի կտրուկ թանկացման հայտի կապակցությամբ: Ելնելով վերոնշյալից՝ արձանագրում ենք:
- Ի սկզբանե բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման գործընթացը տեղի ունեցավ բազմաթիվ խախտումներով: ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից հայտարարված մրցույթի բոլոր պահանջներն, ըստ էության խախտվեցին, և էլեկտրացանցերի սեփականատեր դարձավ օֆշորային ընկերություն:
- Բաշխիչ ցանցերի սեփականատաիրոջ կողմից խախտվել են պայմանագրով նախատեսված բազմաթիվ կետեր, այդ թվում` ծավալուն ներդրումներով համակարգն արդիականացնելու և էլեկտրաէներգիայի կորուստները կրճատելու ուղղությամբ, որի համար հորդորում ենք ՀՀ կառավարությանը ձեռնարկել համարժեք քայլեր:
- Բնակչությունը չպետք է վճարի էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում տեղ գտած ապօրինությունների, շորթումների և չհիմնավորված ծախսերով պայմանավորված ուռճացված սակագինը:
- Անհրաժեշտ է մանրակրկիտ հաշվետվություն պահանջել բաշխիչ էլեկտրացանցերի սեփականատիրոջից և պատասխանատվության ենթարկել վերջինիս` բոլոր հանցավոր գործողությունների համար:
- Իրականում կան հնարավորություններ` ոչ միայն չթանկացնելու էլեկտրաէներգիայի սակագինը, այլև իջեցնելու այն. բազմաթիվ կայանների արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը վաճառվող գնի կեսն էլ չի կազմում, ինչը վկայում է գերշահույթների առկայության մասին: Միայն Տաթև ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը տատանվում է մեկ-երկու դրամի սահմաններում, իսկ Վրաստան և Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի սակագինը զիջում է ՀՀ-ում սահմանվող սակագնին:
- Պետք է կյանքի կոչել ակադեմիկոս Պարիս Հերունու և պրոֆ. Վահան Համազասպյանի կողմից հեղինակած «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիրը», որը հնարավորություն է ստեղծում էլեկտրաէներգիայի հանդեպ պահանջարկը գյուղական բնակավայրերում կրճատել կիսով չափ, ինչը նույնպես կթեթևացնի բնակիչների կենցաղային ծախսերը:
Հաշվի առնելով հասարակության մեծ մասի ցածր գնողունակությունը և աղքատության բարձր մակարդակը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սակագնով պայմանավորված` մյուս ապրանքների և ծառայությունների թանկացման անխուսափելիությունը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է ՀՀ Կառավարությունը ոչ միայն չպետք է թույլ տա էլեկտրաէներգիայի հետագա թանկացումը, այլ նաև կտրուկ գործողություններ կիրառի՝ այն էժանացնելու համար:
ՍԴՀԿ Հայաստանի վարչություն