Հակոբ Հակոբյանի գազալցակայանում հրդեհը սկսվել է խողովակի բռնկումից. եղել է էլեկտրահամակարգի խախտում. ՏԿԱԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների հիմնական պատճառն ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնների սխալ շահագործումն է: «Անվտանգության պահպանման խնդիրները գազալցակայաններում» թեմայով քննարկման ժամանակ  այս մասին նշեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը:

«Ավտոմեքենաների վարորդների մեծ մասը տեղյակ չէ, որ իրենց ավտոմեքենաներում առկա գազաբալոնները պետք է գոնե տարին մեկ անգամ փորձաքննության ներկայացվեն: Հիմնականում մարդիկ ֆինանսական պատճառներից ելնելով են խուսափում այդ փորձաքննություններից», – նշեց նա:

Անդրադառնալով գազալցակայաններում ավտոմեքենաների գերլիցքավորման խնդրին`Ռուբեն Բադեյանը նշեց, որ ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնների աշխատանքային ճնշումը չպետք է գերազանցի 200 աստիճան մթնոլորտային ճնշումը, սակայն ավտոմեքենաների գազալցման ճնշումային կայանները (ԱԳԼՃԿ) մտել են անիմաստ մրցակցության մեջ և խախտում են այդ պահանջը, ինչն էլ հանգեցնում է տխուր հետևանքների:

Անդրադառնալով նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած հրդեհին, մասնագետը նշեց.«Հակոբ Հակոբյանի գազալցակայանում հրդեհը սկսվել է խողովակի բռնկումից, այնուհետև տարածվել ու պայթեցրել Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Եթե կա հրդեհ, նշանակում է, որ գազալցակայանում եղել է հրդեհատեխնիկական կամ էլեկտրահամակարգի խախտում»:

Հիշեցնենք, որ «Մաքուր և Ուղիղ» ընկերությանը պատկանող գազալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել է երեք մարդ` Արմեն Հակոբյանները և գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը: Ավելի ուշ պարզ է դարձել, որ գազալցակայանը տուգանվել է 1 մլն դրամով և արգելվել է այնտեղ լիցքավորում անելը: Վիրավորներից մեկը գազալցակայանի աշխատակիցն է, մյուսները Հակոբ Հակոբյանի եղբայրն ու որդին:

Լուսնակարը` shamshyan.com-ի




Լրահոս