Այսօր կայացած ասուլիսում տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադարձավ վերջին օրերին տնտեսական հարթության վրա տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացմանը:
Բանախոսը փորձեց պարզաբանել էլեկտրաէներգիայի թանկացման պատճառները, նշելով, որ էկոհամակարգերը բարդ սիստեմներ են, որոնք ունեն արդիականացման, շահագործման տեսանկյունից` թարմացման, նորացման, նոր տեխնիկաների օգտագործման անհրաժեշտության կարիք, ինչն էլ կապված է ֆինանսական պայմանների հետ:
«Բյուջեում ֆինանսական միջոցները սուղ են, բնականաբար, միակ հնարավոր տարբերակը մնում է բնակչությունից սակագնի բարձրացմամբ այս խնդիրը լուծել: Մինչև անգամ, ես որպես մասնագետ մտածում եմ, ոչինչ, սա էլ տանենք, սրան էլ դիմանանք, բայց արդյո՞ք այդ միջոցները կգնան իրենց նպատակին, կկարողանա՞նք նպաստել համակարգի առողջացմանը, թե ոչ», – իր խոսքում նշեց տնտեսագետը:
Նա նաև հավելեց, որ ՀՀ-ում այժմ ձևավորվել է մի վիճակ, որտեղ նախորդ տարիների ընթացքում բոլոր հատկացումները, որոնք ուղղված են եղել ՀՀ էներգիական համակարգի նորացման համար, փոշիացվել են և ըստ նպատակի չեն օգտագործվել:
Այն հարցին, թե թանկացման դեպքում ավելի շատ ով կարող է տուժել` հիմնարկ ձեռնարկություննե՞րը, թե շարքային քաղաքացին, Բոստանջյանը նշեց` երկուսն էլ. «Բոլոր դեպքերում էլ երկուսն էլ կարող են տուժել: Մենք անցել ենք տուժելու շեմը և թե քաղաքացին, թե տնտեսվարող սուբյեկտները չեն կարողանա շարունակել իրենց կենսագործունեությունը»: