Եվրոպայի հաջորդ կանգառը. միջազգային փորձագետների նոր անդրադարձը Երևանյան կոմյունիկեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի նկատմամբ միջազգային մամուլի հետաքրքրությունը չի դադարում: Հերթական անդրադարձն է հրապարակվել հեղինակավոր https://www.insidehighered.com/views/2015/05/26/essay-whats-next-european-higher-education կայքում՝ «Ո՞րն է Եվրոպայի հաջորդ կանգառը» ծավալուն հոդվածով, որտեղ կրթական ոլորտի հանրաճանաչ միջազգային փորձագետները գնահատել են Երևանյան նախարարական գագաթաժողովը՝ ընդգծելով նրա պատմական նշանակությունը՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման տեսանկյունից:
Հոդվածում, իբրև երևանյան գագաթաժողովում ընդունված կոմյունիկեի առանձնահատկություն կարևորվել է երկու նպատակ՝ բուհերի ուսանողների աշխատանքային իրավունքի խնդիրներր և ուսանողական շարժունության ներառականությունը:

«Երևանյան կոմյունիկեում երկու նպատակ է հռչակված: Առաջինը շրջանավարտների աշխատանքի ընդունման բարձր հնարավորությունների ընձեռումն է: Երիտասարդների գործազրկության աննախադեպ ցուցանիշը համարվում է ամենահրատապ խնդիրը թե´ եվրագոտում, թե´ ողջ Եվրոպայում,- ընդգծում են հոդվածագիրները և շարունակում,- Կոմյունիկեն ընգծում է շրջանավարտներին աշխատելու համար անհրաժեշտ ունակություններով ապահովելու խնդրի կարևորությունը: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևյալը` բուհերի և գործատուների միջև ավելի արդյունավետ երկխոսություն, ուսումնական պլանների տեսական և գործնական բաղադրիչների լավ հավասարակշռություն և ուսումնառության ու աշխատանքի տեղավորման միջազգային շարժունության շարունակական աջակցություն»:

Նախարարները արձանագրեցին նաև, որ օգտակար է հետևել շրջանավարտների կարիերայի զարգացումներին:

Երևանյան կոմյունիկեի մյուս նպատակն է բարձրագույն կրթության համակարգը դարձնել ավելի ներառական և այս համատեքստում ընդգծվել է շարժունության լիարժեք ապահավումը կոնֆլիկտային իրավիճակում գտնվող երկրների ուսանողների և մանկավարժների համար. «Եվ վերջապես, կոմյունիկեում 3 տեսակի շարժունություն է շեշտվում` հակամարտող տարածքներում ապրող ուսանողների և աշխատակազմի, անապահով ուսանողների և ուսուցչի կրթություն ստացող ուսանողների շարժունություն»,- մասնավորապես ընդգծել են փորձագետները:

Նշվում է նաև, որ Երևանում նախարարները պարտավորվել են աջակցել բուհերին մանկավարժական նորարարությունների ոլորտում` սովորելու և դասավանդելու ընթացքում օգտագործելու թվային տեխնոլոգիաները, շաղկապելու հետազոտությունները, նորարարությունները և ձեռնարկատիրությունը: Եվրահանձնաժողովը այս նպատակներին հասնելու համար կկենտրոնացնի ֆինանսավորումը իր առաջնային ծրագրերի, Erasmus+-ի, Horizon 2020-ի` հետազոտության համար նախատեսված ֆինանսավորման միջոցով:




Լրահոս