ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՆՀԱՇՏ ՊԱՅՔԱՐ Է ՄՂՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք տուգանքների միջոցով չեն պատրաստվում պետական բյուջեն «լցնել», քանի որ լցնելու համար տուգանքները բավարար չեն:

-Պարո՛ն Խաչատրյան, խնդրում եմ գնահատեք 2014 թվականի բյուջեի կատարողականը, որքանո՞վ է ՀՀ Կառավարությանը հաջողվել իրագործել այն ամենը, ինչը նախատեսված էր մայր փաստաթղթով:
-Բյուջեի կատարողականը պետք է գնահատել՝ մակրոտնտեսական ցուցանիշներից ելնելով, որովհետեւ ցանկացած երկրի պետական բյուջե կազմվում է՝ հաշվի առնելով տնտեսության ցուցանիշները, իսկ դրանք այն ցուցիչներն են, որոնք ձեւավորում են տնտեսությունը՝ մակրոտնտեսական ցուցանիշները:
-Խոստացված 5.3 տոկոս տնտեսական աճի փոխարեն Կառավարությանը հաջողվել է 2014 թվականին 3.4 տոկոս տնտեսական աճ ապահովել, ինչո՞ւ:
-Դուք արդեն տեղեկացաք տնտեսական աճի վերաբերյալ տվյալներին, մենք ունեցանք նաեւ այլ պարամետրեր, դրա համար էլ կատարողականի համար շատ ավելի կարեւոր ցուցանիշ է ՀՆԱ-ի ցուցանիշը, որը մենք գերակատարել ենք:
-Մինչ Կառավարությունը կսկսեր իր գործունեությունը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է աշխատել այնպես, որ ՀՀ-ում այլեւս ստվերային տնտեսություն չլինի: Ի՞նչ ազդցություն եւ հետեւանքներ են ունեցել ՀՀ վարչապետի հորդորները:
-Հարկային եւ մաքսային մարմինների, ՀՀ ֆինանսների նախարարության խնդիրը նաեւ այն է, որ ստվերային պայքարի կատարելագործված ուղիներ ընտրենք, խոշոր ձեռնարկություններում ավելի մեծ է ստվերը, մենք հիմա ունենք շատ անհանգստացնող թեմաներ՝ շրջանառության հարկի դաշտում գործող այն ձեռնարկությունները, որոնք մենք լրատվամիջոցներով ներկայացնում ենք… ստվերի գնահատականը մեր նախարարության ֆունկցիաների մեջ, որպես այդպիսին, չի մտնում, դրանք շատ ավելի բարդ մեթոդոլոգիա ունեցող խնդիրներ են, ու կան կառույցներ, որոնք դա գնահատում են: Մենք ունեինք հանքերի, առեւտրի, բջջային օպերատորների մոտ ստվերներ, որոնք կանխեցինք, եթե Դուք մեր գրված ակտերը տեսնեք, Դուք կնկատեք, թե ինչ է իրականում տեղի ունենում: Իսկ ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո մենք 31 միլիարդի միայն առանց վարչարարության բիզնեսին հնարավորություն տվեցինք ինքնուրույն հայտարարագրել: Այսինքն՝ 31 միլիարդ լրացուցիչ գումար ենք հայտարարագրել բյուջե:
-ՀՀ ֆինանսների նախարարությունը մոտ երկու ամիս առաջ 60 միլիոն դոլարով տուգանել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի «Հրազդան» տոնավաճառին: Պատգամավորը հայտարարել է, որ ինքը գող չէ ու համարում է, որ սխալ եք վարվել իր հետ: Այժմ գործը դատարանում է, ըստ Ձեզ՝ ի՞նչ ընթացք է ունենալու հայցի քննությունը, եւ, ի վերջո, իսկապե՞ս նախարարության տուգանքը իրատեսական չէ:
-Իր սահմանադրական իրավունքն է դատարան դիմելը, բողոքարկելը, դրանով զբաղվում է մեր քննչական վարչությունը, իսկ իր իրավունքն է, որ ինքը բողոքարկի: Այսինքն՝ մեր ցանկացած գործողություն, Դուք ի՞նչ եք կարծում, բողոքի ենթակա չէ՞: Դատարանն էլ համապատասխան վճիռ կկայացնի, իսկ ինչո՞ւ է Ձեզ թվում, որ եթե մեկը բողոքում է, անպայման պարտվողներ եւ հաղթողներ կլինեն, խնդիրն էլ հենց այն է, որ կարողանան ճիշտը, իրականությունը իմանալ, թե որ կառույցն է ճիշտ կամ, ի վերոջ, ճի՞շտ է, թե՞ սխալ: Հիմա մեր գանգատարկումների հանձնաժողովներից հետո ինքը վճարել է, հետո բողոքարկում է դատարան:
-Նշվում է, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում պետական բյուջեն «լցնել», ինչի պատճառով էլ դիմել են նման բիրտ մեթոդների՝ տուգանելով գործարարաներին: Տեսակետ կա նաեւ, որ առաջիկայում նման չափի տուգանքներ դեռ սպասվում են նաեւ այլ գործարարների ձեռնարկություններում, կա՞ իրականում նման բան:
-(Ժպտում է, Ս. Գ.) 60 միլիոնով պետական բյուջե՞ն… մենք նման խնդիր չունենք: Պետք է ճիշտ ընկալել, թե ինչի մասին է խոսքը: Դա նորմալ պրոցես է՝ մարդը չի համաձայնում, գնում է դատարան, բողոքարկել է… հիմա Դուք ավելի շատ եք աղմուկ բարձրացնում, քան: Ես կխոսեմ դատարանից հետո, նորմալ երեւույթ է:
-ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ-ում հակակոռուպցիոն հանձնաժողով է ստեղծվել, որտեղ Դուք ներկայացված եք: Որքանո՞վ արդյունավետ կլինի Ձեր ներգրավվածությունը հանձնաժողովի աշխատանքներում, երբ բազմիցս հայտարարվել է, որ Ձեր կառավարած գերատեսչությունում կոռուպցիան է «թագավորում»:
-Իմ ներգրավվածությունը համարում եմ շատ արդյունավետ, որովհետեւ մենք դա ցույց ենք տվել նաեւ մեր կառույցում: Դուք ընթերցեք ԱՄՆ-ի միջազգային կառույցների գնահատականը: Չեմ ասում, որ այնտեղ բոլորը դրական են, մենք արդեն անելիքներ չունենք, բայց տեսեք՝ այնտեղ ինչ խոսուն թվեր կան, ու նաեւ մեզ անհանգստացնող թվեր կան: Այսինքն՝ մենք այդ կառույցում խնդիրը վաղուց մեր դեմ ձեւակերպել ենք, դա շատ բարդ պրոցես է: Կոռուպցիայի մասին պետք չէ շատ խոսել, պետք է գործ անել: Ինչքան էլ անենք, մեկ է՝ Դուք մեզ հարց եք տալիս ու տալու եք, որովհետեւ այսօր մեր կառույցում չունենք մի բան, որ ասենք՝ Խաչատրյանը, Ալավերդյանը զանգեն ու ասեն՝ գիտեք ինչ, սրա վրա գրեք այսքան, նրա վրա այսքան… ամենամեծ կոռուպցիան հենց այդ ստուգվող ակտերի մեջ է, մնացած գործիքներն այնպես են ստեղծված, որ անձը հնարավորություն չունենա: Նախկինում, եթե կադաստրի ինֆորմացիան թղթով էին ստանում, տեսուչների դարակներում էր, դա չկա հիմա, այսինքն՝ կարող էին թուղթը վերացնել, խնդիրը կվերանար: Իսկ հիմա բոլորը էլետրոնային են գալիս: Այսինքն` մի համակարգ է, որտեղ նույնիսկ ես հնարավորություն չունեմ միջամտություն անելու: Իսկ դա կոռուպցիայի դեմ չէ՞: Մենք փոխել ենք, չէ՞, համակարգը: Շնորհակալություն:

 

 

 

 
ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ ԴԵՌ ԿԱՐՄԻՐ «ՔԱՐՏԻ» ՉԵՆՔ ՀԱՍԵԼ

Երեկ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկեց 2014 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: Նիստի մեկնարկին մասնակցեց նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը մոտ 30 րոպե նստելուց հետո «անհետացավ» դաճլիճից: Նա այդպես էլ որեւէ խոսք չասաց բյուջեի կատարողականի մասին:

Բյուջեի կատարողականը խորհրդարանում սկսեց ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, որը հայտարարեց, թե 2014 թվականին 5,2 տոկոս տնտեսական աճ է գրանցվել: «ՀՀ տնտեսական ցուցանիշները, բնականաբար, կապված են համաշխարհային տնտեսության անկման հետ, այդ թվում նաեւ՝ ՀՀ գործընկեր պետությունների: Մասնավորապես, տնտեսական աճի ցածր ցուցանիշը ՌԴ-ի տնտեսության ցածր աճով է պայմանավորված: Հաշվետու տարվա համար արձանագրված ցուցանիշներով գնաճը եղել է 4,6: Ավելացել է նաեւ գործազրկության թիվը, այն նախորդ տարվա համեմատ աճել է 1,4 տոկոսով, եւ գործազուրկների մակարդակը հասել է 17,6 տոկոսի»,- պատգամավորներին տեղեկացրեց գլխավոր գանձապետը:
2014 թվականին նվազել են արտահանման աճի եւ ներմուծման աճի տեմպերը, ինչը ըստ Ջանջուղազյանի, համաշխարհային տնտեսության ցածր աճի արդյունք է, ինչպես նաեւ՝ համաշխարհային շուկայում ռուսական ապրանքի գների անկման: Այլ կերպ ասած՝ ՀՀ Կառավարությունից ոչինչ կախված չէ, մեղավորը Հայաստանին շրջապատող աշխարհն է, որը դանդաղ է զարգանում: Ինչեւէ, 2014-ին ՀՀ պետական բյուջեից արտաքին պարտքի սպասարկման համար ծախսվել է 61 միլիարդ դրամ, իսկ 28 միլիարդ դրամ էլ տրամադրվել է սուբսիդիաներին: Նախորդ տարվա` 2013 թվականի համեմատ, անցած տարի պետության պահուստային ֆոնդից ավել է ծախսվել 47 միլիարդ դրամ: Բյուջեի պակասորդը 2014 թվականին գնահատվել է 2 տոկոս:
Ի դեպ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ գլխավոր գանձապետից հետաքրքրվեց, թե արդյոք ռիսկային չէ անընդհատ վարկեր վերցնելը: Ի պատասխան՝ Ջանջուղազյանն ասաց. «Մեր երկրում պետական պարտքի մասին ռիսկայնության սահմանը կարգավորվում է օրենսդրությամբ: Եթե պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը անցել է 60 տոկոսը, ապա դա համարվում է ռիսկային: Առայժմ ռիսկային չենք: Սա չի նշանակում, որ պետք է ոգեւորվենք անընդհատ եւ պարտքեր կուտակենք»: Իսկ Զոհրաբյանն արձագանքեց. «Կարող ենք ասել, որ դեռ չենք հասել կարմիր քարտի ցուցանիշին, դեռեւս գտնվում ենք դեղին քարտի՝ զգուշացման փուլում»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի դրամական միջոցները, ըստ նրա 2014 թվականի հայտարարագրի, կազմել են 6 մլն դրամ, 190 հազար դոլար եւ 15 հազար եվրո: Փոխնախարարի տարեկան աշխատավարձը կազմել է 5 մլն 264 հազար դրամ: Բացի այդ, պարզվում է, Վահան Պողոսյանն անցած տարվա ընթացքում միանգամից երկու գույք է վաճառել, որոնց դիմաց ստացել է 19 մլն 200 հազար դրամ: Փոխնախարարի կինը` Լիլիթ Գասպարյանը, հայտարարագրել է 45 մլն դրամ, 300 հազար դոլար եւ 25 հազար եվրո դրամական միջոց: Իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմել է 2 մլն 689 հազար դրամ: Բացի այդ՝ փոխնախարարի կինն անցած տարի որպես շահաբաժին ստացել է 33 մլն 868 հազար դրամի եկամուտ: Մի խոսքով, Վահան Պողոսյանը կարող է համարվել հայ իրականությանը լիարժեք համապատասխանող պաշտոնյա:

 

ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է՝ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՎ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն 2015 թվականի մայիսի 7-ին հայտ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` խնդրելով հանձնաժողովի՝ 2009 թվականի մայիսի 27-ի որոշմամբ ընկերությանը տրամադրված Իրանի Իսլամական Հանրապետությունից բնական գազի ներկրման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ 2016 թվականի մայիսի 27-ը: Սակայն, եթե «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն մտադիր էր դիմել լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար, ապա դրա ժամկետի ավարտից առնվազն 23 աշխատանքային օր առաջ պետք է հայտ ներկայացներ, ինչը չեն արել: Արդյունքում ՀԾԿՀ-ն որոշել է «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին նախազգուշացնել: Իսկ մեկ այլ որոշմամբ էլ ՀԾԿՀ-ն որոշել է երկարաձգել Երեւան ՋԷԿ-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետը մինչեւ 2016 թվականի մայիսի 27-ը:

 

ԴԵՌ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ
Մոտ մեկ շաբաթ է, ինչ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող «Աբովյան» հեռուստաընկերության կաբելային սփռումն անջատված է: Տեղեկացնենք, որ այդ հեռուստաընկերությունը պատկանում է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչին: Օրեր առաջ տվյալ հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ կաբելային սփռումն ապահովող ընկերությունը խոստացել է խնդիրը կարգավորել մայիսի 23-ին՝ շաբաթ օրը: Սակայն երեկ պարզվեց, որ մինչ օրս խնդիրը չի լուծվել: «Խոստացել էին շաբաթ օրը լուծել, բայց մինչեւ հիմա չեն արել: Առաջիկա քայլերի մասով տեղյակ կպահենք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց տնօրենը: Ուշագրավն այն է, որ կաբելային սփռումն ապահովող ընկերությունն էլ, ըստ լուրերի, պատկանում է Գագիկ Ծառուկյանի մտերիմներից մեկին: Իսկ ինչպես հայտնի է՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մեկը` Վահագն Գրիգորյանը, համարվում է Գագիկ Ծառուկյանի մարդը:




Լրահոս