Ինչպես արդեն հայտնել էինք, ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի և ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո Բիբինը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: 3,5 ժամ տևած հանդիպման ժամանակ դուրս ու ներս անող պատգամավորները պարբերաբար մանրամասներ էին ներկայացնում հանդիպման ընթացքի մասին:
Մասնավորապես, մի քանի պատգամավորներ նշեցին, որ Բիբինի ներկայացրած հիմնավորումներն իրենց համար համոզիչ չեն: Հայտնի է նաև, որ քննարկման ժամանակ վեճ է տեղի ունեցել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և Եվգենի Բիբինի միջև. Նազարյանը սուր հարցադրումներով է հանդես եկել:
Պատգամավորները նշեցին, որ բազմաթիվ հարցեր են տվել Բիբինին` հասկանալու համար, թե ինչու է հերթական անգամ սակագնի թանկացում տեղի ունենում: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀԷՑ-ի կողմից արվող ճոխություններին, աշխատակիցների բարձր աշխատավարձին: Պատգամավորների խոսքով, բազմաթիվ սուր հարցեր են հնչել: Հավելենք, որ քննարկումը տեղի էր ունեցել ՀՀԿ-ի հրավերով: