Հունիսի մեկին «Օրինաց երկիր» կուսակցության շենքում տեղի ունեցավ հանդիպում մի շարք կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ: Հանդիպումը գլխավորում էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որն ըստ նրա խոսքի՝ նախաձեռնել է «Հայկական վերածնունդ» միավորում՝ ուղղված պայքարելու Հայաստանի առջև ծանրացած հասարակական-քաղաքական խնդիրների դեմ:
Առաջին հայացքից դրական գնահատականի արժանացող նախաձեռնությունը մի շարք հարցեր է առաջ քաշում՝ կապված նախաձեռնության անվան և նախաձեռնողների իրական դրդապատճառների հետ:
«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» անունը պատահական չէ ընտրված, քանի որ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» անվան տակ է գործում սփյուռքահայությանը միավորող շարժումը, որի նպատակն է Հայաստանում ունենալ յուրային կառավարություն և օրենքի գերակայության հաստատում Հայաստանում: «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» շարժումը թիկունք է կանգնում Հայաստանի առողջ քաղաքացիական շարժումներին ու բարեշրջման միտող այլ խմբավորումներին: Եվ ահա՝ Արթուր Բաղդասարյանի այս նախաձեռնությամբ փորձ է արվում ապականել սփյուռքում գործող շարժման անունը: Բոլորին է հայտնի Արթուր Բաղդասարյանի ապօրինի իշխանությունների մաս կազմելն ու Սերժ Սարգսյանի քամահրանքով գործողություն ծավալելը: Այս իշխանությունները պայքար են սկսել «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» շարժման դեմ: Բազում գրառումներ են եղել մամուլում թե ինչպես այս տարվա մայիսի 21-ին թույլ չտրվեց Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» շարժման Փարիզի մասնաճյուղի համակարգող, հայտնի քաղաքական գործիչ Շանթ Ոսկերիչյանին:
Այս նախագիծը դատապարտված է անհաջողության, քանի որ այն առաջ է տարվում հայ ազգի ապագայով դույզն-ինչ չանհանգստացող անձանց կողմից: Ձախողումն անկասելի է, քանի որ այն ուղղված է խաթարել «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» շարժման բարի համբավը: Փորձ է արվում կապել «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» շարժման անունն՝ իշխանությունն ապօրինի զավթած մարդկանց հետ, որով և կասեցնել օր օրի ավելի ու ավելի սփյուռքում և հայաստանաբնակ հայության կողմից ժողովրդականություն վայելող շարծման ընթացքը:
Հայ ժողովուրդը պետք է հստակ տարրանջատի այս 2 «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-ներն և դատապարտի հերթական ապազգային իշխանությունների լարած թակարդը: