Գլխավոր դատախազությունը պետք է իրավական ընթացակարգ սկսի. կատարվում է գողություն գազ սպառողներից. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ հանձնաժողովը խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքը՝ չներկայացնելով ՀԱԿ խմբակցության առաջարկած նախագծի եզրակացությունը: Նախագիծը կապված է գազի սակագնի հետ, որտեղ ներկայացված են մի շարք ուսումնասիրությունների արդյունքներ:

«Մեր օրենքի նախագիծը ներկայացվել է ապրիլի 10-ին, որի ժամկետն ավարտվել է մայիսի վերջին: Եզրակացություն դեռ չի տրվել, ինչն էլ կանոնակարգ օրենքի խախտում է: Նախագծում կան փաստարկներ, որոնց հիման վրա Գլխավոր դատախազությունը պետք է իրավական ընթացակարգ սկսի: Հանձնաժողովը պետք է որոշում կայացնի այս գործերը ուղարկել դատախազություն: Մենք սրանք՝ որպես հնարավոր խախտումներ, ուզում եք ուղարկել Դատախազություն, ոչ թե ինչ-որ մեկին հանցագործ ենք դարձնում: Այս առաջարկը շատ համահունչ է այսօր գազի և հոսանքի սակագների հետ կապված էպոպեայի հետ»,- ասաց Արամ Մանուկյանը:

Վերջինս ներկայացրեց երկու մոտեցում և փաստ, որի վրա Դատախազությունը պետք է ուշադրություն դարձնի. «Բոլոր իրավաբանական անձինք սպառել են որոշակի քանակի գազ և գազի տեսուչները մշտապես ավելացրել են մինչև 1,7 գործակից:  Սա ակնհայտ կոռուպցիոն գործընթաց է: Եվ չկա որևէ փաստաթուղթ, հիմք, որ պետք է այսպիսի հաշվարկ կատարել: Ստացվում է` տեսուչը կարող է օգտագործված 1000 խմ գազի համար վերցնել 1300-1500 խմ գազի գին: Սա գողություն է սպառողներից: Այստեղ ակնհայտ Դատախազությունն անելիք ունի»:

Արամ Մանուկյանի խոսքով՝ եթե Դատախազությունը ցանկանա, ապա «կարող է զսպել մեծ ախորժակ ունեցողներին»: Պատգամավորը դիմեց հանձնաժողովին՝ կողմ քվեարկել և ընդգրկել նիստերի օրակարգ:




Լրահոս