Armlur.am-ը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղի գյուղապետն ու ՀԷՑ-ի` Վարդենիսի մասնաճյուղի ենթակայանի աշխատակիցը գողություն էին կատարել: Գյուղից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանք գողացել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող մետաղյա լարերի փաթաթաններ: Սակայն, այս պատմության մեջ ամենաուշագրավն ու նույնիսկ զավեշտալին այն է, որ համայնքի ղեկավարը մետաղալարարը գողացել էր իր հողամասը ցանկապատելու նպատակով:
Գաղտնիք չէ, որ երկաթգծից նույնիսկ մեկ միլիմետր մետաղի գողությունը կարող է խաթարել գնացքների բնականոն աշխատանքը: Կապի մալուխների գողությունը հանգեցնում է լուսացույցների աշխատանքի խափանմանը, կայարանների միջև կապի կորստին և այլն:
Նաև հարկ է նշել, որ ընդամենը մի քանի օր առաջ Ոստիականության 02 հաղորդաշարը մի ամբողջ հաղորդում էր նվիրել նմանատիպ դեպքերի բարձրաձայնմանը և հորդորել բոլորին 1000 կամ 2000 դրամի համար չվտանգել գնացքների բնականոն աշխատանքը: Սակայն, այս հորդորը, կարծես, Փոքր Մասրիկի գյուղապետի և ՀԷՑ-ի աշխատակցի համար որևէ նշանակություն չեն ունեցել:
Armlur.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ դեպքի մասին արդեն տեղյակ է և գյուղապետին հրավիրել է իր մոտ` պարզելու, թե ինչո՞ւ է վերջինս նման բան արել: «Եթե հանցագործություն է տեղի ունեցել, ապա պետք է պատժվեն ՀՀ օրենքով: Ես արդեն հրահանգել եմ նրան ներկայանալ ինձ մոտ: Ինքս էլ ուզում եմ իմանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- ասաց մարզպետը:
Իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Վարդան Ալոյանից փորձեցինք ճշտել` տեղյա՞կ են կատարվածից և ի՞նչ քայլեր են կատարել, քանի որ մետաղալարերի գողությունը` բացի օրենքի խախտումից, ինչպես արդեն նշեցինք, հանգեցնում է գնացքների բնականոն աշխատանքի խաթարմանը: Նա նշեց, որ իրենք այս դեպքից դեռ տեղյակ չեն. «Բայց, վստահ եմ, որ այնտեղ խնդիրն արդեն վերացրել են: Նման դեպքերը շատ են լինում, առաջին անգամ չէ: Մենք մի քանի օր առաջ 02 հաղորդաշարով ևս փորձեցինք հորդորել նման բաներ չանել, քանի որ այդ մետաղները որևէ լուրջ եկամուտ չեն բերում իրենց»,- ասաց ընկերության մամուլի խոսնակ Վարդան Ալոյանը:
Քրիստինա Աղալարյան