Կաթ վերամշակող ընկերությունները հրաժարվում են բարձր գնով այն մթերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարզերում կաթի իրացման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային հարց. կաթ վերամշակող ընկերությունները հրաժարվում են բարձր գնով այն մթերել, իսկ գյուղացիներն էլ չեն ցանկանում ցածր գնով կաթ վաճառել: Արդյունքում անելանելի դրության մեջ հայտնված գյուղացիները ստիպված սկսել են իրենց անասունները մորթել, որպեսզի կարողանան ընտանիք կերակրել:

Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը ՀՀ տարբեր մարզերի գյուղերի բնակիչներից ահազանգեր է ստանում՝ կապված կաթի իրացման հետ: Նշենք, որ այս խնդիրն առկա է Գեղարքունիքի, Շիրակի, Արագածոտնի, Լոռու մարզերում: Բանն այն է, որ կաթ վերամշակող ընկերությունները հրաժարվում են գյուղացիներից բարձր գնով կաթ մթերել, իսկ վերջիններս էլ հրաժարվում են էժան գնով կաթ վաճառել: Մի կողմից՝ կաթի իրացման հետ կապված խնդիրն է, իսկ մյուս կողմից՝ թանկ անասնակերը: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Գեղաձոր, Գեղադիր եւ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Սոթք գյուղերի բնակիչներն անելանելի դրությունից դուրս գալու նպատակով պատրաստվում են մորթել իրենց անասունները:

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում»-ը նույնպես այս օրերին կաթի իրացման խնդրի շուրջ դժգոհություններ է ստացել գյուղացիներից եւ ֆերմերներից: «Խնդիրն առկա է հատկապես Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի գյուղերի ֆերմերների մոտ: Օրինակ՝ Վարդենիսի տարածաշրջանի գյուղերում ունենք 4-5 խոշոր ֆերմեր, ովքեր 50-100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեն, եւ ամեն մեկը մոտ տասը գլուխ կով է մորթել, որպեսզի կարողանա այս ամսվա ընթացքում անասնակեր հայթայթել ու իր աշխատողներին վճարել: Վիճակը, իրոք, շատ ծանր է»,- ափսոսանքով նկատեց ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

Բարեբախտաբար, որոշ գյուղերում, մասնավորապես Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում, կաթի իրացման հետ կապված խնդիրը կարծես թե լուծում է ստանում: «Ժողովուրդ»-ը Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանից տեղեկացավ, որ այս գործում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է միջամտել: «Մարզպետը հանդիպել է կաթ մթերող ընկերության ներկայացուցչի հետ եւ պայմանավորվել մեր գյուղում մթերման կետ ստեղծելու մասին: Իսկ գյուղապետարանը տարածք կհատկացնի, որտեղ տվյալ ընկերությունը կտեղադրի սառնարան եւ այլ անհրաժեշտ սարքավորումներ»,- լրացրեց Շահսուվարյանը:

Գյուղապետի խոսքերով՝ նախնական պայմանավորվածություն կա գյուղացիների եւ ընկերության ներկայացուցչի միջեւ, ըստ որի՝ կաթը կմթերեն 110-120 դրամով: «Բայց յուղայնության տոկոսներն այնքան ցածր են կազմում, որ կաթի գինն ավտոմատ իջնում է: Ասվում է, որ մթերվում է 120 դրամով, բայց իրականում, այդ տոկոսները հանած, 80-90 դրամ է դառնում»,- բացատրեց Սոթքի գյուղապետը:
Մեր զրուցակիցը նկատեց, որ այս տարի անասնակերը աննախադեպ թանկ գնով է վաճառվել. այս տարեսկզբին 1 կապն արժեցել է 1300-1400 դրամ, մինչդեռ նախորդ տարվա վերջին այն 1100 դրամ էր :

Եթե Սոթքում այս խնդիրը կարգավորման ճանապարհին է, ապա Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդում հույս չկա, որ վիճակը երբեւէ կկարգավորվի: Այս գյուղի բնակիչ Մովսես Խամոյանն արդեն 12 տարի է, ինչ անասնապահությամբ է զբաղվում: Վերին Բազմաբերդի փորձառու ֆերմերը օրական 300-400 լիտր վաճառքի կաթ է ունենում: Սակայն այս օրերին նա, ինչպես շատ անասնապահներ, կանգնած է կաթի իրացման խնդրի առաջ: «Կաթի գինն իջեցրել են մինչեւ 110-100 դրամ: Մի անհատ ձեռներեց կա, ում երեք տարի է, ինչ կաթ ենք հանձնում: Բայց հիմա անհասկանալի իրավիճակ է ստեղծվել գյուղում. կա՛մ հրաժարվում են կաթ ընդունել, կա՛մ էլ մթերում են, բայց գումարներն են ուշացնում: Ամբողջ ընտանիքով զբաղվում ենք այս գործով, բայց ոչ մի գրամ եկամուտ չունենք: Ճար չկա, ստիպված իրենց առաջարկած գնով ենք հանձնում»,- ներկայացրեց Խամոյանը: Ի դեպ, վերջինս մայիսի մթերած կաթի գումարը դեռ չի ստացել: Ֆերմերի խոսքով` նախորդ տարի այս ժամանակահատվածում կաթի մթերման բարձր գինը երկար ժամանակ պահպանվեց:

«Անասուն պահելն այլեւս ձեռնտու չէ: Ահա, տեսեք՝ մեկ լիտր ջուրը խանութներում վաճառում են 350-400 դրամ, իսկ մեկ լիտր կաթի համար առաջարկում են 80 դրամ: Իսկ եթե հիմա փորձենք անասուն մորթել, ապա միս գնող էլ չի գտնվի»,- նեղսրտեց Խամոյանը: Նշենք, որ Վերին Բազմաբերդում կան գյուղացիներ, որոնք տնային պայմաններում պանիր են պատրաստում եւ տարբեր գյուղերում ապառիկ եղանակով փորձում վաճառել:

Տեղեկանալու համար, թե այս խնդրի կարգավորման ուղղությամբ գյուղատնտեսության նախարարությունը ինչ քայլեր է ձեռնարկում, «Ժողովուրդ»-ը զրուցեց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանի հետ: «Այս օրերին վերամշակող ընկերությունները կաթը գյուղացուց մթերում են 130 դրամով, սակայն կան միջնորդ ընկերություններ, որոնք կաթը գյուղացուց վերցնում են ավելի էժան գնով եւ իրենք են հանձնում գործարաններին: Խնդիրը միջնորդների հետ է կապված: Այսօր 130 դրամից ցածր գնով կաթ ընդունող, վերամշակող ընկերություն չկա: Միայն տվյալ ընկերությունների աշխատողները, ովքեր կաթը գյուղացուց հավաքում են ու տանում գործարան, այս դեպքում կարող է՝ 10-15 դրամի տարբերություն տա:

Ճանապարհածախսի խնդիր կա: Գյուղացին չպետք է միջնորդներին կաթ տա: Միջնորդ կազմակերպություններն են ցածր գին առաջարկում»,- պարզաբանեց Բաղիյանը:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ արդյոք փոխնախարարը տեղյա՞կ է, որ Վարդենիսի տարածաշրջանի գյուղերի ֆերմերներն իրենց անասունների մի մասը ստիպված մորթում են, որպեսզի անասնակեր գնեն եւ աշխատող պահեն: Ի պատասխան, սակայն, Բաղիյանը վստահեցրեց. «Այսօր անասունների մորթի այդպիսի մասսայական դեպք չկա: Կաթի իրացման խնդրի հետ կապված անասունների սպանդ չկա»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս