Ինչպես Armlur.am-ը արդեն հայտնել էր, այսօր Ճամբարակում զանգվածային թունավորում է եղել:
Հունիսի 5-ի երեկոյից մինչև այսօր, ժամը 15:00-ի դրությամբ Ճամբարակի առողջության կենտրոն է դիմել 32 անձ, որից 7-ը` մինչ 10 տարեկան:
Երեխաներից 5-ը բուժում է ստանում ստացիոնար պայմաններում, 2-ը` դուրս է գրվել, բուժումը կշարունակվի ամբուլատոր պայմաններում:
Հոսպիտալացվածներից 29-ը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից են, 3-ը` Ճամբարակից:
32 տուժածից 7-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը` բավարար:
Եվս 20 հիվանդ Վահան գյուղում բուժում է ստանում ամբուլատոր պայմաններում: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարականով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբն անմիջապես մեկնել է Ճամպարակ: Մասնագիտական խմբի կազմում է նաև ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Այս պահին բակային համայցերը շարունակվում են` նոր տուժածներ հայտնաբերելու նպատակով: Թունավորման պատճառը պարզելու նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, ինչպես նաև կատարվում են լաբորատոր հետազոտություններ:
Նախնական տվյալներով սննադային թունավորում է` բոլոր տուժածները կերել են թութ: