Վերջին շրջանում ազատամարտիկները տարբեր բողոքի հավաքներ են կազմակերպում` դժգոհելով իրենց հանդեպ վերաբերմունքից, բազմաթիվ սոցիալական անարդարություններից մինչև հանրապետությունում տիրող ներքաղաքական վիճակը: Այդ ֆոնին պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, «Ազատամարտի վետերանների միության» անդամ, այսօր նաև «Վաղարշապատ» մարզական ակումբի նախագահ Հրաչիկ Աբգարյանը ներքաղաքական վերջին զարգացումներին ընդառաջ իր մեկնաբանություններն ու ստեղծված ճգնաժամային իրավիճակից լուծման իր առաջարկներն արեց:
«Այս ճգնաժամային օրերին, ով չմտածի, չարձագանքի ուրեմն անպատիվ և աննամուս մարդ է: Այսօր ինձ են դիմում բազմաթիվ վետերան սպորտսմեններ, իմ մարտական ընկերները, հավաքվենք և որոշենք, թե վերջը ինչ է լինելու, ինչ քայլեր ձեռնարկենք ստեղծված վիճակից դուրս գալու համար` հակառակ դեպքում երկիր ենք կորցնում: Մի քանի պատերազմ ավելի հեշտ էինք տանելու, քան այս վիճակը: Ես մտածում եմ` թե ուր է Երևանի մտավորականությունը, ու՞ր են մարդիկ, ովքեր հայրենասեր են մեզ հեղափոխություն պետք չէ, այլ խելամիտ կառավարում»,-նշեց Հր. Աբգարյանը:
Նրա խոսքով` գաղտնիք չէ, որ հասարկության մեջ կան թմրամոլներ, հարբեցողներ կամ խաղամոլներ, որոնց ընտանիք կամ պետություն կառավարելը հակացուցված են. «Նրանք հիվանդ են և մշտապես բժշկի հսկողության տակ պետք է գտնվեն»:
Իսկ Արմավիրի մարզում բարոյահոգեբանական վիճակի մասին նա նշեց. «Ցավոք սրտի, այսօր բոլորը բողոքում են` թե´ պետական այրերը եւ թե´ շարքային քաղաքացիները: Երջանիկ է այն մարդը, ով իր արածների համար ինքն է պատասխան տալիս: Այսօր հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև մեր մոտից դուրս են գնում: Մենք Ղարաբաղ ենք ազատագրել, բայց այսօր կորցնում ենք մեր արժեքներն ու ձեռքբերումները»:
Քրիստինա Աղալարյան