Ազգային ժողովում մեկնարկել են հերթական քառօրյայի աշխատանքները: Նիստի հենց սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորեց պատգամավոր Մհեր Սեդրակյանին:
Գալուստ Սահակյանը ներկայացրեց օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագիծը, ապա պատգամավորները խոսեցին վարման կարգով: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ԱԺ նախագահն օրակարգում չի նշել գազամատակարարման հարցերով զբաղվող հանձնաժողովի հաշվետվության վերաբերյալ իրենց ներկայացրած նախագծի մասին:
«Այն շատ կարևոր է, քանի որ հանձնաժողովն ընդունել է մի փաստաթուղթ, որտեղ առկա են անճշտություններ` բազմաթիվ հայտնաբերված չարաշահումների մասին: Մենք առաջարկում ենք այդ չարաշահումների մասին հայտարարությունն ուղարկել դատախազություն», – նշեց Զուրաբյանը: