Դուք ամո՞թ չեք զգում. Զարուհի Փոստանջյանը` Գալուստ Սահակյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում վարման կարգով ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և նշեց, որ վերջինս պատշաճ կարգով շրջանառության մեջ չի դնում օրենքի իր նախագիծը:

«Իմ հեղինակած նախագիծը վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարքագծին: Ես այդ կապակցությամբ փորձել եմ Ձեզ դատի տալ, որ այդ հարցը դատական հարցով լուծվի, բայց դատարանները հրաժարվում են այդ հարցը վարույթ վերցնել, որովհետև դատարանները կողմնապահ դիրքորոշում են ընդունում: Կուզենայի հասկանալ` ի՞նչն է խնդիրը, որ չեք դնում շրջանառության մեջ»,- հարցրեց Զարուհի Փոստանջյանը, ապա կրկին հանդես եկավ վարման կարգով և շարունակեց խոսել Սուրիկ Խաչատրյանի մասին:

Նա նշեց, որ Սուրիկ Խաչատրյանը սպառնալիք է ներկայացնում միջավայրի համար:  Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ Զարուհի Փոստանջյանի ներկայացրածը ոչ թե հայտարարության տեքստ էր, այլ պատգամավորի համոզմունքներով  դատավճիռ:  Զարուհի Փոստանջյանը երրորդ անգամ այդ հարցով ելույթ ունեցավ:

«Անկախ այն բանից` դատարանը կհրաժարվի գործը վարույթ ընդունել, անկախ այն բանից` ԱԺ-ն հայտարարությունը կդնի շրջանառության մեջ, թե չի դնի, դրանից անպատժելիության մթնոլորտը չի վերանում, և դրանցից ոչ ոք ապահովագրված չէ: Այն կրիմինալը, որը գործում է ամենուրեք, այդ թվում ՝ ՀՀ կառավարությունում, դա մեզ մտահոգում է: Սուրիկ Խաչատրյանը, չորս անգամ դատապարտված լինելով, նաև մեղադրվելով ծանր հանցագործության՝ սպանություն կատարելու մեջ, շատ վտանգավոր է ՀՀ քաղաքացիների համար: Նա ներկայացնում է հենց ձեր կուսակցությունը: Դուք ամոթ չե՞ք զգում, որ չորս անգամ դատապարտված մարդը ձեր կառավարության կողմից նշանակված մարզպետ է: Պետք է վերջ տանք այս ամենին»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց, որ պատգամավորներ ստանձնում են դատավորի գործառույթ: «Թող քար նետի նա, ով մեղքեր չի գործել: Չի կարելի էլի, հարգենք միմյանց»,- ընդգծեց նա:




Լրահոս