Այսօր խորհրդարանում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված քրեական միջադեպը: Նա ներկայացրեց, թե ըստ եզրակացության, Սուրիկ Խաչատրյանի տղան ինչ թմրամիջոցներ է օգտագործած եղել Բուդաղյանների հետ կապված դեպքի ժամանակ: Պատգամավորը նախ նշեց, թե Տիգրան Խաչատրյանը կանեփ է օգտագործած եղել, ապա հիշեցրեց, թե վերջինս նշել էր, թե իրենց ընտանիքում ընդունված է օգտագործել կանեփ:
«Մինչդեռ կանեփի օգտագործումը` ուտելու միջոցով, չէր կարող մարդու օրգանիզմում նման թմրանյութեր առաջացնել, և, փաստորեն, եթե նրանց ընտանիքում ընդունված է կանեփ օգտագործելը, ուրեմն Սուրիկ Խաչատրյանն էլ է դա օգտագործում»,-եզրակացրեց պատգամավորը:
Զարուհի Փոստանջյանը հավալեց, որ վտանգավոր մթնոլորտ է ստեղծվել երկրում, ինչին գլխավոր դատախազությունը չի միջամտում: «Ձեր տեղակալին էլ է կառավարությունը նվիրաբերել բնակարան, որի արժողությունը հարյուր հազար դոլարից ավելի է: Դուք ծառայում եք իշխանությանը, հետևաբար, ձեզ նման նվերներով փորձում են սիրաշահել: Դուք այսօր, իհարկե, պաշտպանում եք քրեաօլիգարխիկ շահերը, դուք նշանակված եք Սերժ Սարգսյանի կողմից, որ նրա քաղաքականությունն իրականացնեք»,- շարունակեց Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորը նշեց, թե Կոստանյանը հովանավորում է Սուրիկ Խաչատրյանին ու դրա համար օրերից մի օր կենթարկվի պատասխանատվության: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Մեր խոսափողները մեղք են, մեղք»: