Ոստիկանությունը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել կոռուպցիայի, թրաֆիքինգի և այլ խնդիրների դեմ պայքարում. Վլ. Գասպարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Վլադիմիր Գասպարյանը կարևորեց եվրոպական կառույցների հետ գործակցությունը, մասնավորապես՝  ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում, որոնք ուղղված են օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, համակարգի արդիականացման խնդիրների լուծմանը:

Նատալյա Վուտովան նշեց, որ Եվրոպայի խորհուրդը շրջանառության մեջ է դնում գործողությունների նոր ծրագիր, և սերտ համագործակցություն է ակնկալվում Հայաստանի ոստիկանության հետ՝ կոռուպցիայի, կիբեռհանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարում:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ոստիկանությունը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել նշված ոլորտներում, իսկ ընտանեկան բռնությունների դեմ պայքարը բարձրացվել է որակական նոր աստիճանի, ինչի վկայությունն է համապատասխան ստորաբաժանման վերակազմավորումը վարչության, ինչը էապես ընդլայնել է աշխատանքի ծավալներն ու արդյունավետությունը:

Անդրադառնալով ոստիկանության բարեփոխման երկրորդ փուլում ծառայությունների գիտատեխնիկական հագեցման և արդիականացման խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը հույս հայտնեց, որ եվրոպական կառույցների հետ համատեղ աշխատանքը այսուհետ էլ կտա ակնկալվող արդյունքներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:




Լրահոս