Բժշկական համալսարանի ռեկտոր վերընտրվեց Միքայել Նարիմանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կայացավ Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում մեկ հարց էր՝ բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար մրցույթը:

Նիստը բացեց Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն ԵՊԲՀ ռեկտոր վերընտրվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը:

Տեղեկացնենք, որ Միքայել Նարիմանյանը ծնվել է 1952թ.-ի օգոստոսի 4-ին, Երևանում: 1969-1975թթ.-ին սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:

1976-1979թթ.-ին եղել է Մոսկվայի առաջին պետական բժշկական ինստիտուտի ասպիրանտ, որտեղ էլ 1979-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, իսկ 2000թ.-ին Երևանում՝ դոկտորականը: 1979-2012թթ.-ին աշխատել է բժշկական համալսարանում որպես թերապիայի թիվ 3 ամբիոնի նախ կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող, ամբիոնի դոցենտ, բուհի հետդիպլոմային ուսուցման գծով պրոռեկտոր, ռեֆորմների և ինտեգրացիայի գծով պրոռեկտոր, կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր: 1997-2011թթ.-ին եղել է ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ:

1998-2011թթ.-ին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում որպես գլխավոր մասնագետ՝ առաջին բուժօգնության և թոքաբանության գծով, 2003-2004թթ.-ին եղել նախարարության գլխավոր թերապևտը: 2014թ.-ին ընտրվել է ԵՊԲՀ ռեկտոր և պաշտոնավարել մինչև 2014թ.-ի դեկտեմբերը: Շուրջ 100 գիտական հոդվածների և կլինիկական ձեռնարկների հեղինակ, համահեղինակ և խմբագիր է: 2006թ.-ից առ այսօր «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության համանախագահն է, 2008թ.-ից՝ ,Հայ թերապևտներե ասոցիացիայի նախագահը:

Պարգևատրվել է ՀՀ վարչապետի,  ՀՀ կրթության և գիտության նախարարի, առողջապահության նախարարի պատվոգրերով, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով  և ԵՊԲՀ «Ոսկե մեդալով»: Ամուսնացած է:




Լրահոս