ԴԱՏԱՐԱՆԸ ՎՃԻՌՆԵՐ Է ԿԱՅԱՑՐԵԼ ԸՆԴԴԵՄ ՇՄԱՅՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել ՀՀԿ-ական պատգամավորների եւ ճանապարհային ոստիկանության միջեւ առաջացած դատական վեճերին: Պարզվում է` ճանապարհային ոստիկանությունը դատական հայց է ներկայացրել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի դեմ:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով պատգամավորից գանձել 50.000 դրամ ՀՀ դրամ: 2014թ փետրվարի 17-ին այս գործով դատավոր Կարեն Զարիկյանը վճարման կարգադրության որոշում է կայացրել, որը նույն օրն ուղարկվել է ՀՀԿ-ական պատգամավորի բնակարան: Ըստ էության, պատգամավորը տեղեկանալով դատարանի վճռի մասին՝ անմիջապես կատարել է վճարումը: Ստացվում է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը մտածել է, թե ինքը պատգամավոր է, իրեն տուգանքներ չպետք է հասցեագրվեն, եւ փորձել է չտեսնելու տալ իր կողմից իրականացված խախտումները: Բայց երբ գործը հասել է «դիվանբաշուն», պատգամավորը հասկացել է, որ այլընտրանք չկա:
Բայց սա միակ նման դեպքը չէ: Տեղեկացանք նաեւ, որ նշված օրը ճանապարհային ոստիկանությունը մեկ այլ խախտման համար էլ է դիմել ՀՀ վարչական դատարան` այս անգամ Առաքել Մովսիսյանից պահանջելով գանձել 250.000 դրամ: Այս գործով դարձյալ դատավոր է նշանակվել Կարեն Զարիկյանը, որն էլի վճիռ է կայացրել հօգուտ ճանապարհային ոստիկանության՝ պարտադրելով պատգամավորից այս անգամ գանձել 250.000 դրամ:
Տպավորությունն այնպիսին էր, որ պատգամավորը դատարանի այս վճիռներից պետք է դաս քաղեր եւ ժամանակին կատարեր վճարումները, սակայն 2014թ, կրկին փետրվար ամսին ՃՈ-ն հերթական անգամ դիմել է ՀՀ վարչական դատարան` պարտադրելով պատգամավորին այս անգամ էլ 150.000 դրամ վճարել:
Այսինքն` միայն 2014թ փետրվար ամսվա ընթացքում ՃՈ 4 տուգանքների վճարումների պահանջով դիմել է դատարան եւ վճռի պարտադրանքով միայն պատգամավոր Մովսիսյանից ստացել ընդհանուր հաշվով 500.000 դրամ:
Սակայն սա էլ դեռ վերջը չէ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ մայիսին ՃՈ-ն կրկին դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով Առաքել Մովսիսյանից գանձել 50.000 դրամ: Դե, դատարանն էլ, ինչպես ոստիկանության «դակիչ մարմին», այս անգամ Լիանա Հակոբյանի մուրճով վճռել է Առաքել Մովսիսյանին ստիպել կատարելու ճանպարհային ոստիկանության պահանջը: Նկատենք, որ դատական այս հայցերը պատգամավոր Մովսիսյանը հակընդդեմ հայցով երբեւէ չի բողոքարկել: Այլ ամեն անգամ, երբ պարտվել է դատարանում, անաղմուկ վճարել է ճանապարհային ոստիկանության պարտքերը եւ «անցել առաջ»:
Իսկ ինչո՞ւ է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, մշտապես ճանապարհային ոստիկանության տուգանքները վճարում դատարանի պարտադրանքից հետո միայն: Այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով փորձեցինք զրուցել պատգամավորի հետ:
-Պարո՛ն Մովսիսյան, ինչպես նկատում ենք՝ Ձեր եւ ճանապարհային ոստիկանության «ջրերը մի առվով չեն գնում»: Ճանապարհային ոստիկանությունը Ձեր կողմից կատարած ճանապարհային երթեւկության խախտումների համար նախատեսված տուգանքները դատարանի միջոցով է ստանում: Ինչո՞ւ եք թողնում, որ բանը հասնի դատարանին, եւ ժամանակին չեք վճարում:
-Նախ Ձեզ ասեմ, որ նման բան տեղի չի ունեցել, եւ ես ինչքան ակտեր ունեցել եմ, վճարել եմ: Դատարանի հետ ոստիկանության մասով երբեւէ որեւէ խնդիր չի եղել: Կրկնում եմ՝ ես պարտաճանաչ եմ, եթե քշել եմ, խախտում եմ արել, վճարել եմ ժամանակին, դաժե տուգանք չի եկել:
-Բայց մենք ունենք համապատասխան փաստաթղթեր, որ ճանապարհային ոստիկանությունը դատարան է դիմել: Նույնիսկ 2014թ փետրվար ամսվա ընթացքում ՃՈ-ն մի քանի անգամ տարբեր տուգաքների վճարման համար դիմել է դատարան:
-Ձեզ ասեմ, որ նման գումարների դեպքում հաշվապահ կա, օգնականս է զբաղվում եւ վճարել է, եթե պետության կամ բյուջեին պարտք կա, չես կարող խուսափել, նման բան չկա, ես բոլոր վճարվածս չեկերը հավաքում եմ: Օրգանի հետ երբեւէ պրոբլեմ չեմ ստեղծել, հարգում եմ մեր օրենքը եւ ենթարկվում եմ բոլոր օրենքներին ու թույլ չեմ տա՝ որեւէ մեկը սեպ խրի թե՛ ոստիկանության, թե՛ այլ համակարգերի միջեւ, հաջողություն Ձեզ:
Ահա թե ինչ հեռանկարային պատճառաբանությամբ է Առաքել Մովսիսյանը խուսափել հակընդդեմ հայցով դատարան դիմելու մտքից: Եւ, իհարկե, ինչու պետք է սեպ խրել ոստիկանության եւ Շմայսի միջեւ: Առանց այդ էլ ամեն ինչ նորմալ հունով ընթանում է:
Հ. Գ. Հիշեցնենք` օրերս նույն Առաքել Մովսիսյանը կայքերից մեկին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջն այնպիսի ջերմեռանդությամբ էր պաշտպանել, որ ուղղակի սպառնալիքների էր անցել: «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են», – ասել էր Մովսիսյանը: Այս խոսքերից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի նախաձեռնությամբ: Ըստ Սաքունցի՝ իշխող կուսակցության պատգամավորի հայտարարությունները քրեորեն պատժելի են: Ըստ նրա՝ երկու ամիս առաջ «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանն ու ընկերները ազատազրկվեցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձի կասկածանքով, այն դեպքում, երբ նման մտադրություն երբեւէ բարձրաձայն չէին հայտնել: «Իսկ տվյալ դեպքում մարդը թիրախավորված սպառնալիք է հղել պաշտպանության նախարարի եւ նրա կնոջ վերաբերյալ հասարակական կարծիքներ արտահայտողների նկատմամբ: Օրենսդրության կիրառման միատեսակության տեսակետից հիմնավոր է, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը հարուցի քրեական գործ»,- հայտարարել է Սաքունցը:
Իսկ կհարուցվի՞ քրգործ Շմայսի նկատմամբ, թե՞ ոչ, պարզ կդառնա 10 օրվա ընթացքում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՉԱՐԱՇԱՀԵԼ
Այն, որ ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը բազում հարցականներ է պարունակում, շատ է խոսվել: Սակայն 6 տարի անց այս գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս:
Հիշեցնենք, որ 2009-ի փետրվարի 3-ին` 20:30-ի սահմաններում, հենց տան մուտքի մոտ, դիմահար կրակոցներով սպանեցին Հայաստանի փոխոստիկանապետ, 34-ամյա Գ.Մհերյանին: Սպանության առնչությամբ քրեական գործ հարուցվեց` քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ, եւ 235 հոդվածի 1-ին մասով` ապօրինի հրազենի կրում: Այս տարիների ընթացքում Գ.Մհերյանի հայրը մշտապես հայտարարել է, որ ամեն ինչ անում են՝ իր որդու սպանության իրական մեղավորներին թաքցնելու համար: Եվ, ահա, սպանությունից 6 տարի անց այս գործը նոր երանգներ է ստանում:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն` այս գործով անցնում են ոստիկանության նախկին աշխատակիցները, որոնք եղել են փոխոստիկանապետի սպանության գործով օպերատիվ հետախուզական խմբի պատասխանատուները: Ինչպես տեղեկացրել էինք՝ նրանցից մեկը Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն է, որը Մհերյանի սպանության ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Գործն այժմ գտնվում է ԱԱԾ-ում, եւ դեռ հայտնի չէ՝ փոխոստիկանապետի սպանության գործով ստեղծված օպերատիվ խմբի մյուս անդամներն այս գործով անցնում են որպես վկա՞, թե՞ կասկածյալ: Պարզվում է, որ օպերատիվ հետախուզական բլոկի պաշտոնատար անձինք ուղղորդել են գործով անցնող մարդկանց, թե ինչ ցուցմունք տան: Իսկ թե ինչ շահագրգռվածություն են ունեցել, թերեւս ցույց կտա քննությունը:

 

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ ՀԵՌԱՑՐԻՆ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության գործով «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Գրել էինք, որ մայիսի 26-ին կոմբինատի աշխատակիցներից երկուսը կալանավորվել են այն բանի համար, որ կոմբինատի փաստաթղթեր կեղծելով՝ 3 մլն դրամի դիզվառելիք են գողացել: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործի շրջանակներում աշխատանքից ազատվել է Կապանի ոստիկանապետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը:
Մեզ հաջողվեց պարզել, որ Կապանի ոստիկանապետի տեղակալ Հովհաննիսյանը դիզվառելիքի գողության գործով անցնող վկաների նկատմամբ ճնշում է գործադրել` ստիպելով նրանց, որ այս գործով կոմբինատի ավտոկայանատեղի պատասխանատու Կարեն Ենդիգարյանի անունը չտան, այլ հայտնեն նրա աշխատակիցներից ոմն Գոռի անունը: Սակայն վկաներն առերեսման ժամանակ խոստովանել են իրենց նկատմամբ իրականացված ճնշումների մասին: Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր 309-րդ հոդվածի` պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով, որից հետո Կապանի ոստիկանապետի տեղակալն ազատվել է աշխատանքից:

 
ԱՄՊՐՈՊԱՅԻՆ
Հունիսի 6-10-ը հյուսիսային եւ արեւելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ին էապես չի փոխվի, 8-ի ցերեկը արեւելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով, 10-ին նույնքան կբարձրանա:

 

ՈՒՄ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
«Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը վերստին որոշել է հիշեցնել իր մասին` անհայտ լրագրողին տված իր հարցազրույցով, որտեղ անդրադառնալով իր նախաձեռնած «Ազատամարտիկի մասին օրենքի» շարժմանն, ասել է.«Շարժումն արդեն մեծ թափ է առել: Երկու տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ եւ անհատներ արդեն միացել են մեզ»: Ընդ որում, ուշագրավ է, որ նա անդրադարձել է նաեւ իր վրա գործադրված ճնշումների թեմային: Հնչեցված հարցին ի պատասխան՝ նա ասել է.«Դեռ չի ծնվել մի այնպիսի ուժ, որը կարող է ինձ վրա ճնշում գործադրել»: Հաշվի առնելով անընդհատ պաշտոնի փնտրտուքի մեջ գտնվող այս գնդապետի վարքագիծը՝ դժվար է պատկերացնել, որ նրան ճնշելը կարող է ինչ-որ մեկին հետաքրքիր լինել:




Լրահոս