Խորհրդարանում այսօր շարունակվում է քննարկվել պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Նշենք, որ փոփոխության էությունը այն է, որ եթե զինծառայողը մարտական հերթապահություն կամ գործողություն իրականացնելիս ստացել է այնպիսի վնասվածք, որը ՀՀ-ում բուժել հնարավոր չէ, ապա պետական միջոցների հաշվին բուժումը կկատարվի արտերկրում:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անդրադարձավ Գևորգ Եղիազարյանի համար տեղի ունեցած դրամահավաքությանը, որի օգնությամբ երիտասարդը պետք է բուժում ստանար արտերկրում: «Ծայրահեղ ծանր վիճակում ապրող ընտանիքի համար դժվար էր հայթայթել մի քանի տասնյակ հազար դոլար: Մինչ այդ գումարը հավաքվեց, նրա վիճակը ծանրանում էր: Երեխան էլի մարտական կետում է ստացել և մի՞թե սա արդար է: Մեզ համար միևնույնն է ` նա որտեղ է եղել, բայց չէ որ վնասվածք է ստացել», – նշեց Բիշարյանը:
Ի պատասխան` հարակից զեկուցող Հակոբ Հակոբյանը նշեց, թե մարտական հերթապահության ժամանակ վիրավորվելն ավելի շուտ կարող է լինել, քան` մյուս դեպքերում: Անդրադառնալով Եղիազարյանի դեպքին` նա նշեց. «Օրենքի նախագծով այս հարցեը շատ լավ լուծվում է, որ ժամանակի կորուստ չլինի: Թող սա մտնի ուժի մեջ, հետո կփորձենք միջոցներ հայթայթել` զարգացնելու համար»: