«Իլհամ Ալիևը ԼՂՀ խնդրով շանտաժի քաղաքականություն է վարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակմանը:
Նրա գնահատմամբ, Իլհամ Ալիևի այս քայլը նպատակ է հետապնդում թուլացնելու միջազգային կառույցների ազդեցությունը Ադրբեջանի վրա:
«Ալիևի բոլոր քայլերն ուղղված են նրան, որպեսզի Մինսկի խումբը չգործի, որովհետև այդ խմբի շրջանակներում ներկայացված պահանջները իրեն չեն բավարարում»,- իր խոսքում նշեց Սաֆարյանը:
Նա կարծիք հայտնեց, որ եթե միջազգային կառույցները թուլացնեն իրենց ազդեցությունը Ադրբեջանի վրա, դա կարող է հանգեցնել ԼՂՀ-ի հետ եթե ոչ ռազմական գործողությունների սկսելուն, ապա սահմանում մեծ թվով անկարգություններին, ինչը շատ հավանական է հատկապես Բաքվում կայանալիք եվրոպական խաղերից հետո: