Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ՝ ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2015 ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, ինչպես նաև զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներակայացուցիչներ:
Զորակոչի անցկացմանն օժանդակող յուրաքանչյուր օղակից ինչ աշխատանք է պահաջվելու, որոնք են նախորդ զորակոչի ընթացքում արձանագրված բացթողումներն ու ձեռքբեռումները և ինչ առանձնահատկություններ են ներդրվելու հերթական զորակոչի ընթացքում: Այս հարցերի քննարկմանն էր նվիրված Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը: Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների, տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում կարևորելով զինված ուժերի համալրման գործընթացի շարունակականությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչի գործընթացի իրականացումը: Նախարարը կարևորեց զորակոչի ամբողջ ընթացքում հանրային իրազեկման իրականացումը, թափանցիկության և բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը:
Խիստ վերահսկողության տակ կլինի զորակոչի ամբողջ գործընթացը, հատկապես՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքը՝ անառողջ զինակոչիկների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների և այլ՝ քրեորեն պատժելի արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու և բոլոր մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով: Օպերատիվ կերպով կուսումնասիրվեն և սահմանված կարգով կընթացքավորվեն դիմում-բողոքներն ու ցանկացած տեսակի իրավախախտումները:
Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը: Խոսելով նախորդ զորակոչի արդյունքների և առաջիկա զորակոչի խնդիրների մասին, զինվորական կոմիսարը ներկայացրեց թե դրական միտումները և թե որոշակի բացթողումները: Անդրադարձ եղավ զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին:
Քննարկվեցին նաև հայտնաբերված իրավախախտումներին ու հանցագործություններին, զինակոչիկների կցագրմանն ու հաշվառմանը, բժշկական հետազոտությանը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը վերաբերող և զորակոչին առնչվող այլ հարցեր:
Ամփոփելով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստի արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստեց, որ կատարված հետևողական և բարեխիղճ աշխատանքների արդյունքում կոռուպցիոն դեպքերը շարունակական նվազել են, սակայն առկա են նաև թերացումներ: Ըստ այդմ՝ ամառային զորակոչի իրականացման միջոցառումներն էլ ավելի են խստացվելու:
Պաշտպանության նախարարը նաև նշեց, որ ընթացող բարեփոխումների համատեքստում, այդ թվում՝ զորակոչի շրջանակում ռազմավարական բնույթի լայն միջոցառումներ են իրականացվում, որոնց նպատակն է ամրապնդել բանակի և հասարակության միջև հաստատված սերտ կապը, ամրապնդել զինված ուժերի հանդեպ հասարակության վստահությունը, սկսած ընտանիքից ու դպրոցից նպաստել հայրենյաց պաշտպանի գաղափարապես ճիշտ դաստիարակմանը:
Նիստի ավարտին էլ ձմեռային զորակոչի անցկացման մի շարք պատասխանատուներ և զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից արժանացան պատվոգրերի, արժեքավոր նվերների և գերատեսչական մեդալների: