Armenian text to speach

Օրենքում նոր փոփոխություն․ տարկետում ստացած քաղաքացիներին կարող են զորակոչել մինչև 32 տարեկանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 10:30-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։

Նախագիծը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքային սահմանափակումներին և մասնավորապես այն քաղաքացիներին, որոնք օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով ստացել են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում։

Նախագծով առաջարկվում է օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություն կատարել՝ սահմանելով, որ նշված քաղաքացիները կարող են զորակոչվել մինչև 32 տարեկանը։

Մասնավորապես, գործող կարգավորմամբ նախատեսված տարիքային սահմանափակումներում 28 տարեկանից հետո առաջարկվում է ավելացնել նաև 32 տարեկանը՝ տարկետում ստացած քաղաքացիների համար։

Նախագծի հեղինակների հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումների արդյունքում առաջացել են խնդիրներ այն քաղաքացիների զորակոչի տարիքային սահմանների հետ կապված, որոնք օգտվել են օրենքով նախատեսված տարկետման իրավունքից։ Նախաձեռնությամբ առաջարկվում է հստակեցնել այդ քաղաքացիների զորակոչի տարիքային շեմը։

Նախագծի ընդունման դեպքում օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը պետք է ընդունվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում։

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

Նշենք, որ նախագիծը նոյեմբերի 16-ին կքննարկվի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որից հետո դրա վերաբերյալ եզրակացություն կներկայացվի Ազգային ժողովին։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս