Հայաստանի քաղաքացին չպետք է վճարի Բիբինի կամ մնացածի ճոխությունների համար: Նման բացականչություններով այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ են հավաքվել մի խումբ երիտասարդներ, ովքեր պահանջում են դադարեցնել նիստը և էլեկտրաէներգիան թանկացնելու որոշում չկայացնել: Նշեք, որ քիչ հետո հանձնաժողովի նիստում որոշում կկայացվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ:
Ակցիայի մասնակիցներից մեկը, որ ՀՅԴ երիտթևից է, ոստիկանության աշխատակիցներին հոդորում է իրենց ակցիան խոչընդոտելու փոխարեն` գնալ և էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունների հիման վրա համապատասխան քայլեր կատարել:
Հավաքվածները պահանջում են դադարեցնել նիստը և հարցի քննարկումը հետաձգել: «Եթե ՀԾԿՀ-ն չի կարողանում զսպել նման անօրինությունները, ապա թող հրաժարական տա: Թող հրաժարական տա, դադարեցնի նիստը և նոր հանձնաժողովի գումարումից հետո նիստը շարունակվի»,- պահանջում են նրանք: Նրանք նաև պահանջում են, որ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իջնի` իրենց հետ հանդիպման:
Քիչ առաջ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև բախում տեղի ունեցավ: Ակցիայի մասնակիցները ցանկանում էին մուտք գործել շենք, բայց ոստիկանները հրելով թույլ չտվեցին առաջանալ:
Ակցիայի մասնակիցներին են միացել նաև ՕԵԿ կուսակցության անդամները: