Մահից առաջ երեխան մորից ջերմուկ է ուզել, իսկ բժիշկն ասել է, որ նա երկու օրից տանը կլինի. ծնողներն անորոշության մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ ցերեկը Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։ Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմուք` մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել։

Armlur.am-ի հետ զրույցում Ջրաշեն համայնքի ղեկավար Խաչատուր Դավթյանը նշեց, որ ոչ ոք դեռևս չի կարողանում հասկանալ` ինչու պետք է փոքրիկը մահանար: Մեր զրուցակցի խոսքով, հիվանդանոց տեղափոխելիս երեխան ինքնուրույն է տեղաշարժվել, անգամ աստիճաններով բարձրացել: Ավելին, համայնքապետի խոսքով, բժիշկը երեխայի ծնողներին հայտնել է, որ ամեն ինչ նորմալ է, 2 օրից երեխան տանը կլինի. «Աշխույժ երեխա էր, նույն ձևով էլ իրեն հիվանդանոցում է պահել: Մորից ջերմուկ է խնդրել պառկած ժամանակ, մայրն էլ հետ է եկել ու տեսել` երեխան մահացել է»:

Գյուղապետը նշեց, որ դեպքից հետո բժիշկը ո´չ իրեն և ո´չ էլ փոքրիկի ծնողներին չի հանդիպել: Իսկ թե որտեղ և ինչից կարող էր երեխան թունավորվել, Խ. Դավթյանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ երեխան մանկապարտեզ չէր հաճախում, զանգվածային թունավորումների զոհ չի դարձել:

Այս հարցի պատասխանը մեզ դեռևս չհաջողվեց ստանալ նաև Արմավիրի բժշկական կենտրոնից: Ի դեպ, գյուղապետը հայտնեց, որ երեխային բուժող բժիշկը հրաժարվել է խոսել նաև իր և երեխայի ծնողների հետ:

Այժմ նրանք սպասում են փորձաքննություններին, որոնց եզրակացությունները ստանալուց հետո միայն պարզ կդառնա փոքրիկի անժամանակ մահվան պատճառը:




Լրահոս