«Օֆշորային սկանդալի» գործով առաջին դատական նիստի օրն արդեն հայտնի է: Ինչպես Armlur.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից, դատաքննությունը կմեկնարկի հունիսի 24-ին: Այն մակագրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսից ՀՀ քննչական գխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործարար Ա. Սուքիասյանին ձերբակալել էին նախորդ տարվա փետրվարի 1-ին` Թուրքիայից Վրաստան ժամանման ընթացքում, իսկ արտահանձնման մասին որոշումը Վրաստանի արդարադատության նախարարը ստորագրել էր հունիսի 3-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2009-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ: Խորհրդակցության ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպության միջև, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր՝ 33 մլն դոլար արժողությամբ ամբողջ անշարժ գույքը և «Ամերիաբանկ»-ից ստացած մոտ 10 միլիոն դոլարը տվել էր Աշոտ Սուքիասյանին: Վերջինս, այդ գումարը վերցնելով, փախել էր Հայաստանից: