«Հետո կհասկանանք` այս պայմաններում ոնց պետք է աշխատենք». ՀԷՑ-ը դժգոհ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ էր հայտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի գաղտնի նամակը՝ հասցեագրված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Նամակում Բիբինը սպառնում է, որ նշված որոշման նախագիծը հաստատվելու դեպքում Ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին եւ հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաեւ՝ ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը:

Վերը նշվածի առնչությամբ սակագների հաստատումից հետո ընկերությունը կդիմի Հանձնաժողովին` ստեղծված իրավիճակում լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով:

Armlur.am-ը փորձեց ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանից հստակեցնել` այսինքն` իրենց պահանջները չվերանայելու դեպքում իրենք անխափան էլեկտրաէներգիա չե՞ն մատակարարելու: Սարջանյանը նշեց. «Շատ անգամ ներդրումների քանակից է կախված էլեկտրաէներգիայի որակը: Որակի հետ կապված երեկ հանձնաժողովում էլ խոսվեց այդ մասին: Շատ խիստ պահանջներ կան` էլեկտրամատակարարման ընդհատումների հետ կապված,
տեղ կա դա պետք է 2 ժամում վերացնել, տեղ կա 4 ժամում և այլն: Այսինքն` այս ամեն ինչի մասին է խոսվել»:

Այսինքն` ստացվում է ՀԷՑ-ը Հայաստանի քաղաքացիներին այսուհետ անորակ էլեկտրաէներգիա՞ կմատակարարի, խոսնակն ասաց. «Կարծում եմ` դուք էլ գիտեք, որ ՀՀ-ի շատ հատվածներում որակի հետ կապված խնդիրներ կան, որոնք կապված են ներդորւոմների հետ: Այնպես չէ, որ ես նոր բան եմ բացահայտում»:

Հարցին` այսուհետ նման հատվածները հանրապետության տարածքում շատանալու՞ են, Նատալիա Սարջանյանն ասաց. «Ես չեմ կարող այդպես ասել: Որոշումը նոր է ընդունվել, հետո կհասկանանք` այս պայմաններում ոնց պետք է աշխատենք»:

Հիշեցնենք` երեկ` հունիսի 17-ին, Հանրային ծառայութունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց, ըստ որի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան 6,93 դրամով կթանկանա:




Լրահոս