Այժմ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այս նախագծով առաջարկվում է վերանայել ակցիզավորման ենթակա որոշ ապրանքների դրույքաչափերը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է օղու, ծխախոտի և դիզելային վառելիքի համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերին:
Հիմնական զեկուցողը ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն է: Նա նշեց, որ ԵՏՄ անդամակցության շրջանակներում պետք է ներդաշնակեցնել ակցիզային հարկի դրույքաչափերը: Նրա խոսքով, Հայաստանում դրանք չորս անգամ ավելի ցածր են, քան ԵՏՄ անդամ մյուս երկրներում:
Հավելենք, որ ծխախոտի և օղու ակցիզային հարկի դրույքաչափերը կավելացվեն տասը տոկոսով, իսկ կոնյակի և գինու դրույքաչափերը չեն փոփոխվի, քանի որ Հայաստանի տնտեսության համար դրանք հիմնարար նշանակություն ունեն: Նշենք, որ կավելանան նաև բենզինի և սեղմած գազի համար սահմանված դրույքաչափերը: