Գազավորված ըմպելիքները կթանկանան. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը` որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ եւ ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Ի դեպ, ՖՆ-ն նախատեսում է 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը:

Հիշեցնենք, որ անցած տարի կառավարությունը չընդունեց գարեջուր ներկրողների եւ տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը հավասարեցնելուն ուղղված նախագիծը: Մինչդեռ նախագծով հավասար մրցակցային դաշտ կստեղծվեր գարեջուր ներկրողների եւ տեղական արտադրողների միջեւ: Մյուս կողմից` նկատենք, որ վերջին շրջանում Հայաստանը սկսել է մեծ քանակությամբ գարեջուր ներկրել Ռուսաստանից: Ասել է թե` ռուսական գարեջուրը «գրավել է» տեղական շուկան: Իսկ գարեջրի ներկրման ծավալների աճը պայմանավորված է ներմուծվածի մաքսային արժեքների նվազման հետ: Բացի այս, նախկինում ակցիզային հարկի արժեքային դրույքաչափը չի գործել: Ներմուծված գարեջրի ակցիզային հարկը վճարվել է` սկսած 2015 թվականից, 1 լիտրը 105 դրամ դրույքաչափով: Իսկ ահա տեղական արտադրության համադրելի գարեջրի 1 լիտրի դիմաց վճարված ակցիզային հարկի միջին դրույքաչափը կազմել է 112-115 դրամ: Այսինքն` տեղական արտադրողը յուրաքանչյուր լիտրի դիմաց ավելի է ակցիզային հարկ վճարում, քան ներկրողը:

Այսօր ակցիազային հարկի բարձրացման խնդրին է անդրադարձել նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, մասնավորապես նշելով, որ պատրաստվում են թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը:

«Հերթական սպառողական հարկը, որը ոչ միայն ունենալու է սոցիալական վատ ազդեցություն, այլ նաև չի ապահովելու բյուջեի մուտքեր` վնասելու է տնտեսությանն ու նվազեցնելու վաճառքները»,- խնդրին անդրադառնալով նշել է Բաբկեն Պիպոյանը:




Լրահոս