Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարպաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Մովսես Հակոբյանի ազատման մեջ որևէ հետին միտք պետք չէ փնտրել: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այստեղ ոչինչ պետք չէ փնտրել: Այդպիսի յուրաքանչյուր նշանակում մանրակրկիտ վերլուծության և նաև նրանց կարողությունների վերլուծության արդյունքում է տեղի ունենում», «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը: Պատասխանելով դիտարկմանը, թե «կա կարծիք, որ Մովսես Հակոբյանը Ձեր ճանապարհով է գնում, այդպես քայլեր են կատարվում Ձեզ նախագահական գործընթացներին ներգրավելու ուղղությամբ: Մովսես Հակոբյանը գալո՞ւ է շտաբի պետ, հետո պաշտպանության նախարար, Դուք էլ նախագա՞հ»` Սեյրան Օհանյանն ասաց. «Դրա մեջ որևէ հետին միտք պետք չէ փնտրել: Ընդհակառակը, աջակցենք բանակին այս դժվարին իրավիճակում, ծանր, զրկանքներով ու շատ դեպքերում դաժանություններով լի իրականության մեջ: Բանակը կպահպանի իր մարտական ոգին` շնորհիվ այդպիսի խելացի հրամանատարների»:
«Այդ դեպքում ստացվում է Մովսես Հակոբյանը չէր համապատասխանո՞ւմ պահանջներին, եթե Ձեր ասած տրամաբանությամբ է կադրային տեղափոխությունը եղել» հակադարձված հարցին` Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր տեղափոխություն ի՞նչ է մարտական ոգու համա՞ր ենք իրականցնում: Դուք` լրագրողներդ, յուրաքանչյուր բառի մեջ հետին միտք եք փնտրում: Մովսես Հակոբյանը բավականին երկար ժամանակ` 8 տարի, եղել է այնտեղ պաշտպանության բանակի նախարար ու հրամանատար, փորձեք 8 տարի ղեկավարել այդպիսի լարված իրավիճակում, անկասկած, անհրաժեշտ են տեղափոխություններ:
Յուրաքանչյուր տեղափոխություն բերում է թարմություն, ինչու չէ նաև Զինված ուժերի շտաբում կբերի թարմ միտք ու կապահովի հրամանատարների սերնդափոխությունը և բոլոր կառույցների շարունականական զարգացումը»: