Այսօր խորհրդարանի արտահերթ նիստում կողմ 90, ձեռնպահ 7 ձայներով ընդունվեց «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը, որից հետո կազմակերպվեց «Ակցիզային հարկի մասին » օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քվեարկությունը:
Մինչ քվեարկությունը վարման կարգով հանդես եկան պատգամավորներ և կոչ արեցին հետաձգել քվեարկությունը և վերանայել օրենքը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, թե սպառողական շուկայում նոր ցնցումներ առաջացնել պետք չէ:
«Մենք էլ ենք գտնում և երեկ ասեցինք, որ երկրորդ քննարկում կանենք աշնանը», – արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Վարման կարգով հանդես եկավ նաև պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: «Խորը հավատ նույնիսկ ծատելու պարագայում չպետք է թողնենք երկրորդ ընթերցում, ես հորդորում եմ դեմ քվեարկել», – նշեց նա, հավելելով, թե սա կործանարար է: «Ոչինչ կործանարար չի կարող լինել, քանի որ մենք ժամանակ ունենք քննարկելու», – կրկին արձագանքեց ԱԺ նախագահը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը զարմացած է, որ ցանկանում են անպայման հիմա կատարել առաջին ընթերցմամբ քվեարկություն: «Քաղաքական մեծամասնությունը կարող է դա անել, բայց եկեք չանենք»,- կոչ արեց Բիշարյանը, ինչին ևս արձագանքեց ԱԺ նախագահը. «Քաղաքական մեծամասնությունն իր պատասխանատվության շրջանակներում կարող է իր տեսակետն արտահայտել: Ես ինքս էլ եմ տեսնում, որ հիմնավորումների լրացուցիչ պահանջ կա»:
Այժմ Բիշարյանի առաջարկով խորհրդարանում 20 րոպե ընդմիջում է, որպեսզի խմբակցությունները կարողանան լրացուցիչ քննարկումներ կազմակերպել:
Նշենք, որ այս օրենքի փոփոխությամբ առաջարկվում է բարձրացնել օղու, ծխախոտի և դիզվառելիքի ակցիզային դրույքաչափերը, որը, պատգամավորների խոսքով, լրացուցիչ բեռ է: