Աբրահամյանները ետ են պահանջում իրենց մանդատները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է Հայաստանում ակտիվ քաղաքականությամբ զբաղվել: Ըստ այդմ, նա պատրաստվում է առաջիկայում նոր կուսակցություն հիմնել և մասնակցել 2017 թվականի Աժ ընտրություններին: Մինչ այս լուրերի տարածման նպատակին անդրադառնալը, նախ մի փոքր Արա Աբրահամյանի եւ նրա եղբայրների մասին: Հիշեցնենք, որ Աբրահամյան եղբայրները չորս են` Արա, Արմեն, Սերյոժա եւ Գագիկ:

Ինչպես հայտնի է՝ Աբրահամյան եղբայրները իրենց հարստությունն ի սկզբանե կուտակել են՝ զբաղվելով ադամանդի վերամշակմամբ: Սակայն 2000-ականների սկզբից հետեւյալ մարտավարությունն իրականացրեցին. Արա Աբրահամյանը, որը դարձել էր «Ռուսաստանում հայերի միության» նախագահ, սկսեց «կռիշություն» անել իր եղբայրների համար: Այդ ժամանակ առիթը բաց չէր թողնում նկարվել ՌԴ պաշտոնյաների հետ եւ հոգում էր, որ այդ նկարն անպայման հայտնվի հայկական մամուլում: Այսինքն՝ առաջին հայացքից թվում էր, թե նա Ռուսաստանում «հարց լուծող» տղա է:

Այս խաղաքարտը հաշվարկված էր հայաստանյան քաղաքական այն շրջանակների համար, որոնց թվում է, թե Հայաստանի հետ կապված ամեն ինչ որոշվում է Մոսկվայում: Այնուհետեւ, 2003 թվականին Աբրահամյան եղբայրներից ավագը` Սերյոժա Աբրահամյանը, մեծամասնական ընտրակարգով դարձավ պատգամավոր թիվ 54 ընտրատարածքից: Նա մուտք գործելով ԱԺ՝ քաղաքականության դռները բացեց Աբրահամյան եղբայրների համար: 2007-ին՝ արդեն չորրորդ գումարման խորհրդարանում, Աբրահամյան եղբայրներից երեքը արդեն պատգամավորներ էին, Սերյոժա Աբրահամյանը պատգամավորական մանդատը ստացել էր ՕԵԿ-ից, Արմեն Աբրահամյանին մանդատ տվել էր ԲՀԿ-ն, իսկ Գագիկ Աբրահամյանը հանգրվանել էր իշխող ՀՀԿ-ում: Ակնհայտ էր, որ եթե այդ ժամանակ Արա Աբրահամյանը ցանկանար, ապա նա էլ, ասենք, կարող էր ՀՅԴ-ից մանդատ ստանալ, բայց էլ «ազատ եղբայր» չկար: Այդ ժամանակ Աբրահամյանների գործերը շատ հաջող զարգանում էին, եւ թվում էր, թե ոչինչ չի կարող նրանց ծրագրերը խափանել:

Ինքը՝ Արա Աբրահամյանը, զբաղված էր «ալամ աշխարհի» հայերի միություն սարքելով: Նա փաստացի ցանկանում էր դառնալ սփյուռքի նախագահը: Սակայն շատ շուտով ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանի տարածքից դուրս նա ոչ մի հնարավորություն չունի: 2012-ի սկզբին պարզ դարձավ, որ Աբրահամյան եղբայրներն այլեւս առաջվանը չեն, եւ ՀՀ իշխանությունների համար վաղուց նրանք դադարել են Ռուսաստանում «հարց լուծող» լինելուց: Արդյունքում, 2012-ին ձեւավորված խորհրդարանում Աբրահամյան եղբայրներից եւ ոչ մեկը տեղ չզբաղեցրեց: Սակայն այդ ժամանակ մի տեսակ անհասկանալի մնաց, թե այդ ինչն էր եղել պատճառը, որ ՀՀ իշխանությունները Աբրահամյանների նկատմամբ իրենց վերաբերմունքը նման կտրուկ ձեւով փոխել էին:

Հետագայում պարզվեց, որ Արա Աբրահամյանը Եգիպտոսում լուրջ ներդրումներ է արել, եւ երբ Մուամմար Քադաֆին 2011-ի գարնանը տապալվեց, Աբրահամյանը կորցրեց իր բիզնեսները: 2012-ի հոկտեմբերին հրավիրված ասուլիսում Արա Աբրահամյանն ինքն անձամբ հաստատել էր այդ լուրերը՝ ասելով, որ ինքը Եգիպտոսում կորցրել է ավելի քան մեկ միլիարդ դոլար: Նկատեցի՞ք՝ Աբրահամյանի «գործընկերը» եղել է այդ երկրի բռնապետ ղեկավար` Մուամմար Քադաֆին: Արա Աբրահամյանն իր գործընկերոջ մասին ասել էր. «Ինքը երկիր կորցրեց, մենք մեր ներդրումները»:

Իհարկե, անցած տարի՝ ապրիլին Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո, թվում էր, թե Աբրահամյանների գործերը կարող են աջ գնալ: Դրանից հետո Գագիկ Աբրահամյանը, որը ներկայացնում էր եղբայրների ՀՀԿ-ական թեւը, սկսել էր իշխող կուսակցության խորհրդի նիստերին մասնակցել, սակայն որոշ ժամանակ անց հասկանալի դարձավ, որ Աբրահամյանների մասով ոչինչ էլ չի փոխվել. ոչ ոք չի պատրաստվում նրանց մանդատ կամ որեւէ այլ պաշտոն «նվիրել»:

Եվ, ահա, հունիսի սկզբին Ռուսաստանից Աբրահամյան եղբայրների համար նորից լավ լուր ստացվեց: Պարզվում է՝ ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարցերի խորհրդին կից ստեղծվել է պետական ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցման հարցերով հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը: Այլ կերպ ասած՝ Աբրահամյանները նորից «խաղի մեջ» են: Այս լուրերից ընդամենը մեկ շաբաթ էլ չանցած հայաստանյան մամուլը գրեց, թե իբր Արա Աբրահամյանը մտադիր է վերադառնալ Հայաստան եւ ակտիվ քաղաքականությամբ զբաղվել: Իհարկե, նման տարբերակը ի սկզբանե կարելի է բացառել, քանի որ որոշ մարդկանց համար Կրեմլի պահակի գործն ավելի նախընտրելի է, քան Հայաստանում բարձր պաշտոնը:

Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ Աբրահամյանի եղբայրները գրոհի են անցել, իսկ կուսակցություն հիմնելու մտադրության մասին լուրերով էլ թերեւս ընդամենը փորձում են շանտաժի ենթարկել իրենց նախկին գործընկերներին` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին՝ առաջարկելով կա՛մ մանդատներ տալ իրենց, կա՛մ էլ իրենք կուսակցություն կբացեն: Իսկ ի՞նչ հենքի վրա: Եթե հիշեցնենք, որ Արա Աբրահամյանն ու ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը խնամիներ են, չի բացառվում, որ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հիմնած կուսակցույթունը կարող է ծառայել այդ նպատակին: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ ՀՀՄ կոնգրեսի փոխնախագահ արամ Գ. Սարգսյանի ՀԴԿ-ն լինի Արա Աբրահամյանի հենակետը (վերջիններս էլ օրերս մտավորականների անունից քննադատություններով լի պահանջատիրական մի նամակ էին գրել՝ ուղղված ՀՀ վարչապետին):

Այնպես որ, կարելի է կարծել՝ Աբրահամյան եղբայրներն այժմ սպասում են, թե վերը նշված եռյակից ով իրենց կհամոզի՝ կուսակցություն ստեղծելու մտքից ետ կանգնել: Ներկա քաղաքական դաշտում ՕԵԿ-ի դիրքերը հաշվի առնելով՝ այս կուսակցությունը Աբրահամյաններին հաստատ ոչինչ չի կարող առաջարկել: Մնում են ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն. արդյոք նրանք մանդատներ տալու խոստում կտան Աբրահամյաններին, ժամանակը ցույց կտա:

Հ.Գ. Ի դեպ, Արա Աբրահամյանը 2012 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած ասուլիսում Եգիպտոսի բիզնեսները կորցնելու մասին խոսելուց հիշատակում է նաեւ Երեւանի Հյուսիսային պողոտայի շինարարությունը: Սակայն նա չի մասնավորեցնում, թե Եգիպտոսի փողերն ինչ կապ ունեն Հյուսիսային պողոտայի շինարարության հետ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս