Armlur.am-ն արդեն հայտնել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցեր տեղի են ունենում ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Հայաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում երկրորդ քաղաք Գյումրիում: Այս պահին շուրջ 100 մարդ հավաքվել է դրամատիկական թատրոնի շենքի դիմաց, որտեղից երթով պետք է շարժվեն դեպի Անի թաղամաս: Մեր թղթակիցը հայտնում է, որ չնայած ոչ բարենպաստ եղանակին, ցուցարարները չեն պատրաստվում դադարեցնել պայքարը:
Armlur.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ «Ո´չ թալանին» նախաձեռնության անդամները քիչ առաջ հայտարարեցին, որ շուրջօրյա նստացույցը կշարունակվի մինչև երկուշաբթի, որից հետո հետագա քայլերը կծրագրվեն ըստ Երևանից եկող հրահանգների:
Նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանն, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե հոսանքի թանկացմանը զուգահեռ երկու հազար դրամով կբարձրանան նպաստները, նշեց, որ վարչապետը կարող է նման հայտարարություններով հանդես չգա, իրենց խոսքն ու պահանջը հստակ է, այն ուղղված է նախագահ Սերժ Սարգսյանին, ում պատասխանին էլ իրենք սպասում են:
Կարեն Պետրոսյանը հայտնեց նաև, որ շաբաթ օրը նստացույցին կմիանան մշակույթի գործիչներ, հայտնի մարդիկ: