Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն ու իրականությունն իրար հետ ընդհանրապես կապ չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրված Կառավարության նիստում հայտարարեց, որ իշխանությունները չեն պատրաստվում չեղարկել էլէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը:

Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ եթե էլէներգիայի սակագինը չբարձրանա, ապա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կշարունակի չվճարել արտադրող կայաններին: «Արդյունքում` կունենանք շղթայական ռեակցիա, որը տնտեսության վրա կունենա անդառնալի հետեւանքներ: Այսօր անցյալում թվացող հովհարային անջատումները շատ արագ կդառնան առօրյա»,- սպառնում է վարչապետը: Իսկ ո՞վ է ստեղծված իրավիճակի համար մեղավոր, ո՞ւմ աջակցությամբ է ՀԷՑ-ը անկաշկանդ թալանել համակարգը: Բայց այս պահին մի կողմ թողնենք պատասխանատուի հարցը եւ անդրադառնանք Հովիկ Աբրահամյանի հնչեցրած տվյալներին:

Նա ասում է, որ 2007 թվականից առ այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի կողմից ներկայացված ծախսերից ավելի քան 22 մլրդ դրամը չի ընդունել եւ սակագների հաշվարկների միջից հանել է: Բայց անկախ նրանից՝ ՀԾԿՀ-ն այդ ծախսերն ընդունել է, չի ընդունել, սակագնի հիմքում հաշվել է, չի հաշվել, միեւնույն է՝ անարդյունավետ ծախսը կատարվել է, եւ հենց դրանով է պայմանավորված խոշոր պարտքեր կուտակելու փաստը: Այսինքն՝ այդ 22 միլիարդ դրամը, որը իբր թե չի հաշվարկվել, իրականում ՀԷՑ-ի ներկա վիճակի, հետեւաբար նաեւ այսօրվա բարձր սակագնի պատճառներից է:

Հաջորդը՝ Հովիկ Աբրահամյանն ասում է. «Մեկ այլ օրինակ՝ սպառողի եւ տեսուչի միջեւ հանցավոր համաձայնության հետեւանքով առաջացած կորուստները եւս չեն ընդգրկվում սակագնի հաշվարկում»: Այս հավաստիացումը, մեղմ ասած, կատարյալ սուտ է: ՀԷՑ-ը, որպես կանոն, վերջին տարիներին ներկայացնում է 13-ից 14 տոկոս կորուստ, որից ՀԾԿՀ-ն սակագնի հիմքում հաշվարկում է 12 տոկոսը:

Վարչապետը համոզված է, որ այդ 12 տոկոս կորուստի, ասենք, 2 կամ 3 տոկոսը հենց սպառողի եւ տեսուչի հանցավոր համաձայնության հետեւանք չեն: Կամ վարչապետն ասում է՝ հանցավոր համաձայնությանը դեմ են, իսկ դատարաններում եւ ոստիկանությունում ամեն ինչ անում են, որպեսզի ՀԷՑ-ը հնարավորություն ունենա՝ առանց պայմանագրի, կանխիկով «լեվի» էլէներգիա վաճառի: Այսինքն՝ վարչապետի հայտարարությունն ու իրականությունն իրար հետ ընդհանրապես կապ չունեն:
Վարչապետը որպես սակագնի բարձրացման հիմնավորում կրկնում է ՀԷՑ-ի կուտակած պարտքերից 23 միլիարդ դրամի վերաբերյալ հայտնի պատմությունը, այն է, որ այդ գումարը գոյացել է 2013 թվականի սակավաջրության եւ նույն տարում «Հայաստանի ատոմային կայանի» սովորականից 88 օր ավել կանգնելու պատմությանը:

Հովիկ Աբրահամյանը մատնանշում է օրենսդրության այն դրույթը, ըստ որի՝ օբյեկտիվ գործոններով պայմանավորված վնասները պետք է փոխհատուցվեն: Բայց ողջ խնդիրն այն է, որ ՀԷՑ-ի, այսպես կոչված, «օբյեկտիվ գործոններով պայմանավորված» վնասները պետք է փոխհատուցվեն 3 տարում: Ի սկզբանե այդ վնասը կազմել է 37 մլրդ դրամ, էլէներգիայի 2014-ի թանկացումից հետո այդ վնասից մոտ 14 մլրդ-ը փոխհատուցվեց: Այսինքն՝ գործող, չբարձրացված սակագնով այդ վնասը առաջիկա երկու տարում կփոխհատուցվեր: Այլ կերպ ասած՝ այս դեպքում էլ Հովիկ Աբրահամյանը, մեղմ ասած, խաբում է Հայաստանի հանրությանը՝ փորձելով այդ կերպ հիմնավորել էլէներգիան թանկացնելու իրենց որոշումը:

Հովիկ Աբրահամյանն իր խոսքի վերջում հպարտությամբ հայտարարել էր, թե իրենք հաշվել են եւ եկել են այն եզրակացության, որ սակագնի բարձրացման արդյունքում էլէներգիայի մասով ընտանիքի ծախսը կավելանա 1400 դրամով: Իրենք էլ որոշել են այդ ծախսը փոխհատուցել՝ անապահովության նպաստը 2 հազար դրամով ավելացնելով: Անապահովության նպաստը 17 հազար դրամից կդառնա 19 հազար դրամ: Բայց ողջ խնդիրն այն է, որ էլէներգիայի թանկացման արդյունքում Հայաստանում շղթայական ամեն ինչ կթանկանա, եւ դժվար թե Հովիկ Աբրահամյանն այս մասին չգիտի: Էլէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում ընտանիքի մինիմալ ծախսերը կավելանան ոչ թե 1400 այլ 30-ից 40 հազար դրամով: Սակայն վարչապետն այս թեմային ընդհանրապես չի անդրադարձել` շրջանցելով այն:

Սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ եւս մեկ անգամ արձանագրում ենք, որ ՀՀ իշխանությունները ՀԷՑ-ից, մեղմ ասած, վախենում են եւ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի այդ ընկերության ցանկությունն իրագործեն: Կարող է թվալ, թե այս երեւույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԷՑ-ը ռուսական ընկերություն է: Սակայն կարծում ենք, որ այստեղ այլ պատճառներ կան: Կապ չունի՝ ՀԷՑ-ը ռուսական է, թե հայկական, եթե ՀՀ իշխանություններն անմասն լինեին այդ ընկերության կողմից մոտ 200 մլն դոլար փոշիացնելու պատմությանը, ապա նրանք հաստատ իրենց այսպես վախվորած չէին պահի:

Նույն Հովիկ Աբրահամյանը եւ մյուս պաշտոնյաները չեն հերքում, որ ՀԷՑ-ի կողմից վատնումներ են եղել, բայց բոլորը խուսափում են դրանց առարկայական անդրադառնալ: Նույն Հովիկ Աբրահամյանը, չգիտես ինչու, ՀՀ գլխավոր դատախազին չի հանձնարարում քննել եւ պարզել, թե ՀԷՑ-ի տնօրինության գործունեության արդյունքում որքան վատնում է եղել, եւ ով է դրա համար պատասխանատուն: Պատճառը շատ պարզ է: Եթե ՀՀ իշխանությունները «բզբզեն», ապա ՀԷՑ-ը կարող է փակագծերը բացել եւ պատմել, թե ում հետ եւ ինչպես են գումարները փոշիացրել, որից հետո կպարզվի, որ Հայաստանի բազմաթիվ պաշտոնյաների դերակատարությունը թալանի գործում ավելի նշանակալի է եղել, քան պատկերացնում ենք:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս