Արդեն հայտնի է, որ ՀՀ Կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի շինարարության մեկնարկի համար: Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության` հունիսի 18-ի նիստում: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ` թանգարանի շինարարության ծախսերը կկազմեն 140 մլն դրամ:
Նշենք, որ Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի կառուցումը նախատեսվում է Աբովյան պուրակի հարակից տարածքում: «Ժողովուրդ»-ը «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի գործադիր տնօրեն, գրողի որդի Դավիթ Մաթեւոսյանից հետաքրքրվել է` երբ են մեկնարկելու թանգարանի շինարարության աշխատանքները, արդյոք Կառավարության տրամադրած գումարը բավարար է, կան բարերարներ, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այս գործընթացում, թե ոչ: Նրա խոսքով` այս տարվա փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հետ զրույցում նշել է, որ թանգարանը կկառուցվի երկու տարվա ընթացքում: «Մեր զրույցից ենթադրվում էր, որ շինարարությունը կսկսվի մարտ-ապրիլ ամիսներին, բայց, ինչպես տեսնում եք, արդեն հուլիսն է, սակայն այն դեռ չի մեկնարկել: Բացի այդ` վարչապետը նշել էր, որ այս տարի թանգարանի շինարարության մեկնարկի համար Կառավարությունը կփոխանցի 120 միլիոն դրամ, բայց, ինչպես հայտնի է, կփոխանցվի 50 միլիոն: Թերեւս այս հանգամանքը կբացատրվի բյուջեի սղությամբ: Այս վերջին որոշման տրամաբանությամբ շինարարական աշխատանքները կսկսվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից ոչ շուտ»,- մեզ հետ զրույցում նկատեց Դ. Մաթեւոսյանը:
Նրա խոսքով` իրենք վարչապետի հետ պայմանավորվել են, որ Կառավարությունը մաս առ մաս է հատկացնելու թանգարանի շինարարության համար անհրաժեշտ գումարը` 2-3 տարվա ընթացքում:
Անդրադառնալով Նարեկ Սարգսյանի խոսքին, ըստ որի՝ թանգարանի շինարարության ծախսերը կկազմեն 140 մլն դրամ, Դ. Մաթեւոսյանը նշեց, որ նախարարի ներկայացրած գումարը կազմում է թանգարանի շենքի ճարտարապետի ներկայացրած նախագծի նախահաշվային արժեքի ընդամենը 1/3 մասը (մոտավոր հաշվարկներով): «Չգիտեմ` ինչ հաշվարկներ են արել, որ ինքնարժեքն այդքան իջել է, այս կարգի տնտեսումները, իմ համոզմամբ, կարող են վտանգավոր լինել: Բացի այդ` եթե շինարարության համար անհրաժեշտ գումարը մաս-մաս է հատկացվում, իսկ շինարարական աշխատանքները կատարվում են որոշակի դադարներով, ներկայացված ինքնարժեքը կարող է բարձրանալ, տարվող աշխատանքների արդյունավետությունը` իջնել»,-մտավախություն հայտնեց նա:
Ինչ վերաբերում է բարերարների ներդրումներին, Դ. Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ մի անանուն բարերար խոստացել է որոշակի գումար ներդնել շինարարական աշխատանքների մեջ, այն, սակայն, պահանջվող ընդհանուր բյուջեի համեմատ փոքր գումար է. «Այն կարող է պետք գալ նախնական աշխատանքները սկսելու համար միայն»,-ասաց գրողի որդին:
Խոսելով ապագա թանգարանի ստեղծման հետ կապված ծրագրերից` նա ընդգծեց, որ խոսքը ոչ թե տուն-թանգարանի, այլ մշակութային կենտրոն-թանգարանի ստեղծման մասին է: «Եթե մենք զուտ տուն-թանգարան կառուցելու խնդիր ունենայինք, Մաթեւոսյանի բնակարանը կվերածեինք թանգարանի, սակայն, մեր դիտարկումներով, եթե տվյալ գործիչը ռեալ ժառանգություն, տալիք ունի մշակութային միջավայրին եւ հասարակությանը, միայն թանգարանն այդ աշխատանքներն իրականացնել չի կարող: Մեզ հարկավոր է կենտրոն, որտեղ կքննարկվեն ծրագրեր, կարվեն հետազոտություններ, կանցկացվեն բացօթյա դասեր, կլինի ցուցահանդեսների կազմակերպման հնարավորություն»,-մեկնաբանեց Դ. Մաթեւոսյանը` հավելելով, որ թանգարանում, անշուշտ, փորձելու են մոդելավորել Մաթեւոսյանի աշխատանքային միջավայրը, որտեղ նա գրում եւ մտածում էր: Թանգարանում տեղ կգտնեն անձնական իրեր, ձեռագրեր, նամակներ, լուսանկարներ ու այլ նմուշներ:
Գրողի որդին տեղեկացրեց նաեւ, որ կենտրոնը նախատեսվում է կառուցել կանաչ գոտու հարեւանությամբ. «Անտառակի նման մի բան ենք ուզում ստանալ` Լոռվա բնությունը հիշեցնող: Այդ միջավայրում մտադիր ենք բաց ընթերցումներ անցկացնել, մտավորականության հետ հանդիպումներ կազմակերպել…»,-ասաց նա:
Դ. Մաթեւոսյանը նաեւ հավելեց, որ Հրանտ Մաթեւոսյանի բուն տուն-տանգարանը նախատեսում են ստեղծել գրողի հայրական տանը` Ահնիձոր գյուղում. «Այն հիմա բավական բարձիթողի վիճակում է եւ վերակառուցման կարիք ունի: Կարծում եմ` մեր հաջորդ քայլը դա պետք է լինի, թերեւս հաջորդ տարվանից սկսած»,- եզրափակեց նա:
ԹԱՐՄ ՇՈՒՆՉ, ՄԵԾ ԾԱԽՍԵՐ
Տեւական ժամանակ է, ինչ Լիլի Էլբակյանը նախկին ակտիվությամբ չի զբաղվում դերասանուհու իր կարիերայով. պատճառը որդու ծնունդն է: «Ժողովուրդ»-ը Լիլիի հետ զրուցել է երկրորդ զավակի պարգեւած զգացողությունների եւ թատերական ոլորտին առնչվող որոշ հարցերի շուրջ:
-Լիլի՛, Ձեր երկրորդ զավակի` որդու ծնունդից շուրջ 8 ամիս է անցել: Արդեն հասցնո՞ւմ եք վերաինտեգրվել թատերական կյանքին, թե՞ դեռ վաղ է:
-Երեխաս 4 ամսական էր, երբ արդեն աշխատում էի, սակայն նոր ծրագրեր դեռ չեմ ձեռնարկում. ուզում եմ ավելի թեթեւ լինել, սպասում եմ` տղաս մի քիչ էլ մեծանա, նոր սկսեմ նորմալ աշխատել: Ամեն դեպքում, որոշ նորություններ ունեմ. ռեժիսոր Հարութ Շատյանը նոր կոմերցիոն ֆիլմ է նկարահանում, իրենից համագործակցության առաջարկ եմ ստացել, հավանաբար սեպտեմբերին կմեկնարկեն նկարահանումները: Այս ընթացքում փորձեցի մի քանի դերեր վերցնել, բայց ինքս էլ զգացի, որ հոգեբանորեն պատրաստ չեմ խաղալու: Դե, խամաճիկների պետական թատրոնում էլ շարունակում եմ աշխատել, բեմադրածս վերջին ներկայացումը «Ալիսան հրաշքների աշխարհում»-ն է, որտեղ խաղում է նաեւ ամուսինս` Համոն:
-Խամաճիկների պետական թատրոնում նոր մատուցման, ասելիքի, տիկնիկների թարմացման կարիք կա՞:
-Հիմա ավելի շատ տիկնիկագործների, նոր շունչ բերող բեմանկարիչների կարիք կա: Մտածողությունը թարմացնելու կարիք միշտ կա: Իսկ թարմ շունչ բերելը կապված է մեծ ծախսերի հետ: Մեկ ներկայացում բեմադրելու համար մենք մեկ տարի աշխատում ենք, եւ այդ նպատակով ահագին գումար է ծախսվում, թեեւ պետք է նշեմ նաեւ, որ մեր թատրոնը ֆինանսավորվում է պետության կողմից:
-Կրկին անդրադառնալով Ձեր որդուն` հետաքրքիր է` նա ինչ նոր գույներ բերեց Ձեր կյանք, եւ արդյո՞ք դժվար չէ տղա երեխա դաստիարակելը:
-Տղա դաստիարակելը Հայաստանում, իսկապես, շատ դժվար է, արդեն նրան բանակ ուղարկելու մասին եմ մտածում (ծիծաղում է): Որդիս դեռ փոքր է, բայց իր հանդեպ պատասխանատվության հետաքրքիր զգացում եմ տածում: Աղջկաս ծնունդից հետո, օրինակ, ուզում էի աշխատել, տանից դուրս գալ, չէի համակերպվում, որ ես մայրիկ եմ, եւ վերջ… Իսկ հիմա ավելի շատ իրենց մասին եմ մտածում, հատկապես տղայիս ուզում եմ անընդհատ պաշտպանել: Կարծում եմ` տղա երեխաներն ավելի անպաշտպան են ու նուրբ: Թող մի քիչ էլ մեծանա, խոստանում եմ ավելին պատմել…
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԵՌԱԿԻ ՀԱՅՐ Է
Արսեն Գրիգորյանի ընտանիքում մեծ ուրախություն է. երեկ ծնվել է երգչի երրորդ երեխան: Բազմազավակ հայրիկը BRAVO.am-ին հայտնել է, որ որդուն անվանակոչել է Արման: «Աղջիկներիս այնքան եմ սիրում, որ եթե երրորդն էլ աղջիկ լիներ, նույնչափ կուրախանայի»,-ասել է Արսենն ու հավելել, որ կնոջ եւ բժշկի կարծիքով որդին իրեն է նման: Երկու օր անց երգիչը դուստրերի` Արսինեի եւ Լիլիթի հետ կդիմավորի իրենց տան նոր բնակչին:
«ՀԱՐՁԱԿՈՒՄ» ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՎՐԱ
Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկնել է Կանն` մասնակցելու Daily Mail պարբերականի կողմից կազմակերպված հատուկ միջոցառմանը: 34-ամյա հայուհին, սակայն, կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Կաննում Քիմը կանգ է առել քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկում, որտեղ կեսգիշերն անց նրա սենյակ է փորձել ներխուժել մերկ անծանոթուհի: «Արթնացել եմ առավոտյան ժամը 4-ից եւ այդ ամենը հարբած, մերկ կնոջ պատճառով, որը փորձում էր իր American Express քարտով բացել իմ սենյակի դուռը: Ես անգամ նկարահանել եմ, բայց չեմ հրապարակի, որպեսզի ոչ մեկին չվիրավորեմ»,-Twitter-ի իր էջում գրել է Քիմը: Այս տհաճ միջադեպն, այնուամենայնիվ, չի խանգարել Քիմին պատշաճ ներկայանալ Palais des Festivals միջոցառմանը:
ՏԱՌԱՊՈՒՄ Է ԱՆՈՐԵՔՍԻԱՅՈՎ
Օրերս մամուլում լուրեր հայտնվեցին այն մասին, որ Ջորջ եւ Ամալ Քլունիները սպասում են իրենց առաջնեկի ծնունդին: Նրանք զարդարեցին հայտնի Life&Style ամսագրի շապիկը եւ պատմեցին ուրախ լուրի մասին: Սակայն պարզվեց` Ամալի հղիության հետ կապված բժիշկները անհանգստություններ ունեն: Պատճառն այն է, որ Ամալը, ունենալով 172 սմ հասակ` կշռում է ընդամենը 45 կգ, ուստի նրան շատ դժվար հղիություն է սպասվում: Բժիշկներն ախտորոշել են անորեքսիա եւ խորհուրդ են տալիս Ամալին արագ կերպով քաշ հավաքել: