Ինչ հաշվարկներից ելնելով է Ռուսաստանը այսպիսի ռազմական օգնություն ցույց տալիս Հայաստանին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է ավելի վաղ ռուսական մամուլում հայտնված այն տեղեկատվությունը, թե Հայաստանը Ռուսաստանից գնելու է «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ. «Ձեռք է բերվելու նորագույն զինտեխնիկա, սպառազինություն ե՛ւ հարձակողական, ե՛ւ պաշտպանական բնույթի, ինչպես նաեւ՝ նոր սարքավորումներ»,- «Ազատությանն» ասել է ՊՆ խոսնակը` նշելով, որ խոսքը նաեւ հեռահար սպառազինության մասին է: Ընդ որում, նա նաեւ նկատել է, որ ձեռք բերվող զինատեսակների մեջ կան այնպիսի սպառազինություններ, որոնք Հայաստանը մինչ այդ չի ունեցել:

Այն մասին, որ ՌԴ-ն պատրաստվում է ՀՀ-ին վաճառել գերհզոր «Իսկանդեր Մ» տեսակի հրթիռային համալիրներ, խոսվեց դեռեւս Երեւանում ընթացող հոսանքի թանկացման դեմ պայքարի ամենաակտիվ փուլում, եւ շատերը ուղղակի կապ արձանագրեցին Բաղրամյան պողոտայի եւ այս գործարքի միջեւ` դա ներկայացնելով որպես հայկական կողմի հաջողություն: Իրականում, սակայն, այս ռազմական վարկի համաձայնագիրը նախաստորագրվել էր դեռեւս անցած փետրվարին, պարզապես հենց այդ օրերին գործընթացն ավարտին հասցնելով` ռուսական կողմից փորձ արվեց մեղմել Հայաստանի ներսում հետզհետե խորացող հակառուսական տրամադրությունները:

Իհարկե, «Իսկանդերը» հզորագույն սպառազինություն է, որի առկայությունը Հայաստանի զինանոցում զգալիորեն կզսպի Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությունը` հաշվի առնելով այն, որ այդ հրթիռների հեռահարությունը հնարավորություն է տալիս ուղղակի նշանառության տակ վերցնել Բաքուն: Այլ հարց է, թե դա որքան կտեւի, քանզի կասկածից դուրս է, որ Ադրբեջանը կգործադրի բոլոր ջանքերը` նույնպես նման հրթիռային համակարգեր ձեռք բերելու համար:

Մյուս մտահոգիչ հարցն էլ այն է, թե ինչու ՌԴ-ն համաձայնեց ՀՀ-ին տրամադրել այդ համակարգերը, որոնցից, ի դեպ, աշխարհում որեւէ այլ երկիր չունի: Եթե նկատի առնենք, որ այս ռազմական վարկի շուրջ բանակցությունները սկսվել էին դեռ ամիսներ առաջ, ասել է թե` դա կապ չուներ «հայկական մայդանի» վտանգի հետ, ապա ստացվում է, որ ՌԴ-ն այս սպառազինությունը տրամադրում է՝ այլ հաշվակներից ելնելով: Բացի Ադրբեջանին գայթակղելուց, ռուսական ռազմական արդյունաբերության համար հերթական միլիարդանոց պատվերները ստանալուց՝ այստեղ շատ ավելի կարեւոր է այն, որ, փաստորեն, ռուսներն իրենք են արդեն հասկացել, որ Ադրբեջանին այնքան են զինել, որ արդեն իսկ խախտել են երկու երկրների միջեւ ռազմական բալանսը, ինչի մասին, ի դեպ, շատ թափանցիկ ակնարկ արեց Սերժ Սարգսյանը Պոզներին տված իր հայտնի հարցազրույցում:

Այնպես որ, չարժի առանձնապես ոգեւորվել «Իսկանդեր»-ների ձեռքբերման փաստից: Դա մեզ պետք է ավելի շուտ մտահոգվելու տեղիք տա տարածաշրջանում Ռուսաստանի կողմից սանձազերծվող սպառազինությունների նոր մրցավազքի եւ դրա հետեւանքների առումով:




Լրահոս