Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ի խայտառակ նիստից հետո, որի ընթացքում կայացվեց էլէներգիան 6.93 դրամով թանկացնելու ապազգային որոշումը, երեկ հրավիրած նիստում հուսահատ փորձեր էր անում՝ վերականգնելու իր հեղինակությունը` ՀԷՑ-ին տուգանելով մի ամբողջ 60 միլիոն դրամով: Իհարկե, միայն տկարամիտը կարող է մտածել, որ հանձնաժողովի նախագահն իրեն նման հանդգնություն կարող էր թույլ տալ, եթե չլիներ Բաղրամյանի աննախադեպ ընդվզումը: Նույնկերպ եւ չէր լինելու նաեւ ՀԷՑ-ի կողմից 8,5 միլիարդ դրամ ներդրումներ կատարելու պատրաստակամությունը, ինչի կապակցությամբ երեկ, ի վերջո, հանձնաժողովի նիստին մասնակցելու ժամանակ գտած ՀԷՑ-ի տնօրենը նեղսրտած ասում էր, թե շատ դժվար կլինի այդ ներդրումային ծրագիրն իրագործել մինչեւ տարեվերջ:
Անկեղծ ասած` այս ամենը հիշեցնում էր վատ բեմադրված ներկայացում` նախապես գրված սցենարով: Ըստ ամենայնի` բեմադրիչները հաշվարկել էին, որ սակագնի թանկացման որոշումից հետո ՀԷՑ-ին մի քանի միլիոնով տուգանելու եւ համակարգում կատարվելիք 8,5 միլիարդի ներդրումների մասին տեղեկատվւթյաունը բավարար կլինի, որպեսզի հանրության վրդովմունքը մեղմվի: Սակայն պարզվեց, որ այդ հաշվարկները սխալ էին, եւ, ըստ ամենայնի, հենց դա գիտակցելով էլ երեկ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը փորձում էր այլեւս ազգային հայհոյանքի վերածված ազգանվան տեր ՀԷՑ-ի տնօրենին ցույց տալ իր տեղը: Դա, սակայն, բավականին տհաճ էր դիտվում այն պարզ պատճառով, որ նույն Նազարյանը նույն Բիբինին դեռեւս այս տարվա մարտի 31-ից կարող էր ցույց տալ իր տեղը: Բանն այն է, որ հենց այդ օրվանից է Բիբինը որոշել, որ նոր սպառողները էլցանցին միացվելու համար սահմանված վճարից բացի՝ պիտի վճարեն նաեւ ընկերության կատարած աշխատանքների ծախսերը:
Ընդ որում, նկատենք, որ սրա հետ կապված ՀԾԿՀ-ի ներկայացուցչի պարզաբանումը, թե հանձնաժողովը հենց հիմա է որոշել տոգանել ՀԷՑ-ին, քանի որ հիմա է սպառողներից բողոք ստացել, չի դիմանում որեւէ քննադատության: Առավել եւս, որ Ռ. Նազարյանը երեկ հայտարարեց, թե մարտի 31-ից սկսած ամեն օր զանգահարել է Բիբինին եւ պահանջել չեղյալ անել այդ հակաօրինական հրամանը: Ասել է թե` հանձնաժողովի նախագահը դեռեւս ամիսներ առաջ շատ լավ տեղեկացված էր ՀԷՑ-ի կողմից սահմանված կարգը խախտելու մասին, բայց չգիտես ինչու՝ չէր համարձակվում ՀԷՑ-ին տուգանելու ուղղությամբ քայլ անել: Եվ այն փաստը, որ Բիբինն իր այդ հրամանը չեղյալ է արել հունիսի 23-ին, շատ խոսուն ձեւով ցույց է տալիս, որ այս դեպքում մենք գործ ունենք ոչ միայն կոռումպացված եւ վատ կառավարվող ՀԷՑ-ի ղեկավարության, այլեւ իր պաշտոնեական պարտականությունները թերի կատարած, կամակատար պետական կառույցի` ՀԾԿՀ-ի հետ: Եվ այս դեպքում շատ մեծ հարց է, թե ստեղծված իրավիճակում որ կողմի մեղքն է ավելի մեծ: